16 նոյեմբերի 2007 - 16:58 AMT
ՄՃԽ-ի նոր զեկույցը Ղարաբաղի հարցով կես քայլ առաջ է անցյալ զեկույցների համեմատ
«Դատելով մամլո հաղորդագրությունից` Միջազգային ճգնաժամային խմբի նոր զեկույցը Ղարաբաղի հակամարտության հարցով կես քայլ առաջ է անցյալ զեկույցների համեմատ: Առաջ ՄՃԽ-ն առաջին գիծ էր հանում Լեռնային Ղարաբաղի հայերի եւ ադրբեջանցիների միջեւ իբր հակադրությունը (ԼՂ-ի «համայնքների» միջեւ), սակայն լրիվ ակնհայտ է, որ հակամարտության առանցքը անցնում էր ոչ այնքան ԼՂ ներսում, որքան Բաքու-Ստեփանակերտ գծով»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահը Ռուսաստանից` դեսպան Վլադիմիր Կազիմիրովը, մեկնաբանելով Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը Ղարաբաղի հակամարտության հարցով: Նրա կարծիքով, այս անգամ ավելի իրական հարցեր են առաջ քաշվել. ռազմատենչ հայտարարությունների եւ ռազմական արշավի դադարեցման պահանջ: «Սակայն հարցը ամբողջությամբ ներկայացված չէ. մոռացվել է նախադեպերի դադարեցման եւ լարվածության մեծացման համար քարոզչական մեխանիզմներում դրանց ուռճացման դադարեցման սուր անհրաժեշտությունը: Ժամանակն է, ՄՃԽ-ն հասկանա` ով է շահագրգռված դրանում»,- ասել է նա:

Ռուս դիվանագետը նաեւ նշել է, որ եթե հավատալ ԱՀ Պաշտպանության նախարարության հաղորդագրություններին, ապա առանց նախադեպերի օր չի լինում: «Կարելի է կարծել, որ Բաքուն շահագրգռված է դրանց դադարեցման հարցում: Սակայն ինչու՞ չի ցանկանում հետեւել հրադադարի ամրապնդման մասին համաձայնագրին, որը պաշտոնապես ստորագրվել է ԵԱՀԿ-ի հովանու ներքո 1995 թվականի փետրվարի 4-ին` Հեյդար Ալիեւի, Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի անձնական օրհնությամբ: Չէ որ Երեւանն ու Ստեփանակերը բազմաթիվ անգամներ պատրաստակամություն են հայտնել կատարելու այդ համաձայնագիրը, եթե ադրբեջանական կողմը եւս նույն կերպ վարվի: Եթե պետք է, կարելի է խմբագրել կամ ուղղել համաձայնագիրը, ի վերջո, կնքել նորը, սակայն չավերել այնտեղ սեփական եւ օտար մարդկանց: Նախադեպերը նաեւ վտանգավոր են էսկալացիայով: Պատերազմի սպառնալիքը լրջորեն ընդունելու ՄՃԽ-ի կոչերը (եւ զեկույցի վերնագիրը` «Լեռնային Ղարաբաղ. պատերազմի վտանգ») բավական չեն: Այդ պարագայում դրանք շահավետ են այն կողմին, որն արդեն երկար տարիներ սպառնում է վերսկսել ռազմական գործողությունները: Պետք է առաջ գնալ. ցույց տալ ռազմադաշտում արագ հաջողության անհեռանկարային լինելը, «բլիցկրիգի» պատրանքայնությունը»,- ընդգծել է Կազիմիրովը:

Վլադիմիր Կազիմիրովը նաեւ նշել է, որ քիչ է «առաջ մղել խաղաղությունը», անհրաժեշտ է ավելի կտրուկ կանխել նոր պատերազմը: «Դա իրոք արդար գործ է: ՄՃԽ-ի նման կազմակերպությունները պետք է Ղարաբաղի հակամարտության կողմերից պահանջեն գոնե համաձայնագիր ստորագրել վեճերի բացառապես խաղաղ կարգավորման մասին. չէ՞ որ, Ադբեջանն ու Հայաստանը արդեն նման պարտավորություն են վերցրել ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի Խորհրդի առաջ: Միայն վերին իշխանությունների կողմից պատերազմի ապոֆեոզի գովերգման դեպքում կարող էր այնտեղի թյուր քաղաքագետներից մեկը նման խոսքեր թույլ տալ. «Առաջին, երկրորդ, հինգերորդ, տասներորդ... Թող Ադրբեջանը տասը պատերազմ պարտվի, սակայն այն երբեւէ կհաղթի, նույնիսկ եթե անհրաժեշտ լինի զոհել բնակչության 90 տոկոսը»: Ահա ինչ մակարդակով են Բաքվում քարոզում պատերազմը: Եվրոպական արժեքների տարածողները պետք է ավելի ուղղակի հակազդեն դրան: Հակամարտության կարգավորմանը, առաջին հերթին, խանգարում են ռազմական սպառնալիքները: Դրանք բացարձակ անհամատեղելի բաներ են: Պատերազմի մասին հայտարարությունները նշանակում են խաղաղ կարգավորման հերքում»,- ասել է ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահը: