20 մայիսի 2017 - 12:25 AMT
Գրիպի սեզոնին ավելի շատ զինվոր կպատվաստվի

ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած աշխատանքային քննարկումների ընթացքում առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը և պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանն անդրադարձել են զինակոչիկների պատվաստումներին առնչվող կազմակերպական հարցերին։

Առաջարկվել է ընթացիկ տարում գրիպի բռնկման սեզոնին բանակում ավելի մեծ ընդգրկվածությամբ պատվաստումներ իրականացնել։

Կողմերն անդրադարձել են նաև Վարդենիսում, Սիսիանում և Բերդում քաղաքացիական հիվանդանոցների և զինվորական հոսպիտալների միավորմանը:

Առողջապահության և պաշտպանության գերատեսչությունների պատասխանատուները ներկայացրել են արդեն իսկ կատարված ուսումնասիրությունների արդյունքները, համաձայն որոնց միավորման շնորհիվ ոչ միայն կտնտեսվեն ֆինանսական զգալի միջոցներ, որոնք կուղղվեն ծրագրերի զարգացմանը, այլև էականորեն կբարձրանա մատուցվող ծառայությունների որակն ու արդյունավետությունը։

Ալթունյանը և Սարգսյանը քննարկել են զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների բժշկական օգնության և սպասարկման ծավալների, հասանելիության և որակի բարելավման հնարավոր մեխանիզմները, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ տվել քննարկված հարցերի վերաբերյալ խորքային ուսումնասիրություններ կատարել և սեղմ ժամկետներում զեկուցել արդյունքների մասին։

ՀՀ-ում զինակոչիկները նախապես են պատվաստվում: