22 մայիսի 2017 - 12:56 AMT
ՀՀ-ում 100.000 բնակչին բաժին է ընկնում 56 փաստաբան, Իսրայելում՝ 600

Հայաստանում 100.000 բնակչին ընկնում է 56 փաստաբան: Վիճակագրությունը ներկայացրել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ նշելով, որ այլ երկրներում, օրինակ՝ Իսրայելում, փաստաբանների թիվը գերազանցում է 600-ը, Իտալիայում և Հունաստանում՝ 300-ը, Գերմանիայում՝ 200-ը:

Նա հավելել է, որ իրականում այս առումով շատ աճելու տեղ կա և մոտակա 10 տարվա ընթացքում կրիտիկական շեմին չենք մոտենալու:

Փաստաբանական դպրոցի 65 շրջանավարտ մայիսի 21-ին ստացել է փաստաբանի գործունեության արտոնագիր:

«Կարող ենք ասել, որ Փաստաբանական դպրոցով անցած փաստաբանները լավ են գիտակցում կոռուպցիայի դեմ համայնքային և անհատական պայքարի դերն ու նշանակությունը»,- ասել է Զոհրաբյանը:

Պալատի մամուլի ծառայության փոխանցմամբ, նախագահն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ փաստաբանական համայնքի առավելություններից մեկը բազմակարծությունն է: Անդրադառնալով մի քանի գործընկերների այն կարծիքին, որ փաստաբանական դպրոցը չպետք է այս քանակի շրջանավարտներ ունենա, Պալատի նախագահը նշել է, որ հավանաբար այդ մոտեցման հիմքում այն է, որ փաստաբանների քանակի ավելացումն ազդելու է գործերի քանակի վրա: Նա տեղեկացրել է, որ բարեբախտաբար փաստաբանական պալատի կառավարման մարմինն այդպիսի դիրքորոշում չունի և չի կիսում այդ տեսակետը:

«Ամեն տարի համայնքը համալրվում է մոտ 150 փաստաբանով, մենք չենք շեղվելու մեր ընտրած ուղուց: Նույնիսկ զարգացած երկրներում այսպիսի մոտեցում կա, քանի որ փաստաբանությունն ազատ մասնագիտություն է իրավունք չունենք սահմանափակելու նրանց թիվը, խոչընդոտելու նրանց»,- եզրափակել է Արա Զոհրաբյանը:

Դպրոցի խորհրդի անդամ Արա Ղազարյանը կարևորել է, որ այսօր փաստաբան դառնում են ոչ թե նախկինի պես թեսթ լուծելով, այլ կես տարի կամ մեկ տարի սովորելով: Նա հիշեցրել է Եվրոպական Դատարանի կարևոր մոտեցումը, որի համաձայն՝ չի կարելի արդարադատությունը զոհաբերել հանուն նպատակահարմարության:

Աշխատավայր, գրասենյակ չունեցող նոր փաստաբանների համար Պալատում կահավորված և տեխնիկապես զինված 20 տեղանոց աշխատասենյակ է հատկացվելու 6 ամսով, ինչը կօգնի փաստաբաններին ունենալ աշխատատեղ, կայանալ իրենց մասնագիտության մեջ, փորձ և վստահորդներ ձեռք բերել: Նա նշել է, որ նոր փաստաբանների կայացմանն աջակցելու այս ծրագրով պայման է դրվելու նաև, որ նրանք սպասարկեն անվճարունակ խավին: