2 հոկտեմբերի 2002 - 19:10 AMT
ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ «ԵՌՅԱԿԸ»
Քաղաքական երկխոսության ընդլայնումը Հայաստանի եւ Եվրամիության միջեւ` ԵՄ-ի Հարավկովկասյան տարածաշրջանում ավելի լայն ներգրավման եւ քաղաքական խորհրդակցությունների նոր մեխանիզմների ստեղծման միջոցով, դարձավ հանգուցային հարցերից մեկը Բրյուսելում կայացած ԵՄ-Հայաստան Համագործակցության խորհրդի նիստում: ՀՀ ԱԳՆ մամլո-ծառայության լրատվության համաձայն, այդ նպատակին նվիրված կլինի ԵՄ քաղաքական ղեկավարների «եռյակի» առաջիկա այցը Հայաստան: Խորհրդի նիստում Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, եվրոպականը` Դանիայի եվրոպական հարցերով նախարար ( որն այժմ նախագահում է ԵՄ-ում) Բերտել Հաարդերը: Կողմերը նշել են հարավկովկասյան երկրների համագործակցության կարեւորությունը ՏՐԱՍԵԿԱ, ԻՆՈԳԵՅԹ ծրագրերի շրջանակներում, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Այդ կապակցությամբ գոհունակություն է հայտնվել հոկտեմբերի 4-ին Երեւանում ԵՄ աջակցությամբ տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային ուսումնական կենտրոն բացելու կապակցությամբ: