Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանն ազատ է արձակվել ու նստացույց սկսել

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանն ազատ է արձակվել ու նստացույց սկսել

PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, գրում է Pastinfo-ն:

Նրա նկատմամբ նշանակված պատժի մեկնարկը հաշվվել է 2013-ի սեպտեմբերի 20-ից:

Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ շարունակելու է պայքարը անարդարության դեմ: Ավետիսյանը ՔԿՀ-ից անմիջապես եկել է կառավարության շենքի մոտ՝ նստացույց անելու, հայտնում է Yerkir.am-ը:

Ըստ մեղադրանքի, Վոլոդյա Ավետիսյանը, հանդիսանալով պահեստազորի գնդապետ, չարաշահել է իր՝ որպես նախկին զինվորական ծառայողի նկատմամբ Երևան քաղաքի բնակիչ Ալբերտ Մաթոսյանի վստահությունը և վստահեցրել, թե զինվորական բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջոցով կարող է կարգավորել նրա՝ ԼՂՀ պաշտպանության բանակի թիվ N զորամասում ժամկետային զինվորական ծառայության նշանակված որդուն նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը։

Ըստ քննության՝ չունենալով նման պայմանավորվածություն՝ 2013թ.հուլիսի 29-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Թումանյան 54 հասցեում գտնվող Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի հարակից Ազատության հրապարակի տարածքում Ալբերտ Մաթոսյանից պահանջել է դրա դիմաց իրեն տրամադրել զգալի չափերի՝ 205.150 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար, սակայն Մաթոսյանը հրաժարվել է օգտվել Ավետիսյանի ծառայությունից, որի պատճառով վերջինս, իր կամքից անկախ հանգամանքներով, հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Բացի այդ, Ավետիսյանը, խարդախությամբ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, կաշառք ստանալու պատրվակով, Շիրակի մարզի բնակիչ Հենրիկ Սարդարյանին վստահեցրել է, թե կարող է որոշ պաշտոնատար անձանց միջոցով 5000 ԱՄՆ դոլարի դիմաց նրա թոռանն ազատել պարտադիր ժամկետային զինծառայությունից։ Մեղադրանքի համաձայն՝ 2013թ. օգոստոսի 13-ին Արմավիր-Աշտարակ ավտոմայրուղում Հենրիկ Զաքարյանից Ավետիսյանը վերցրել է խոշոր չափի հասնող՝ 2000 ԱՄՆ դոլար և հափշտակել այն՝ գումարն օգտագործելով իր անձնական կարիքների համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---