21 նոյեմբերի 2007 - 15:21 AMT
Վլադիմիր Ժարիխին. Ղարաբաղյան խնդրի լուծման համար Երեւանն ու Բաքուն պետք է լուրջ զիջումների գնան
Ղարաբաղյան խնդրի լուծման համար երկու կողմերը` Ադրբեջանն ու Հայաստանը պետք է լուրջ զիջումների գնան, գտնում է ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը: «Եվ Հայաստանը, եւ Ադրբեջանը պետք է լուրջ զիջումների գնան, դրա համար հարկավոր է, որ երկրների ղեկավարները մեծ քաղաքական կամք դրսեւորեն: Դրանք ոչ պոպուլյար որոշումներ կլինեն երկու երկրների բնակչության համար, եւ շատ մեծ հասարակական ճնշում կլինի ղեկավարների վրա»,-ասել է Ժարիխինը: Նրա խոսքերով, «խնդիրը հենց նրանում է, թե ով վճռականություն կունենա գնալ նման փոխզիջման այս եւ այն կողմից, իսկ հասարակությունները միշտ էլ պատրաստ չեն լինի դրան»:

ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրենի կարծիքով, Ռուսաստանը սկզբունքորեն չի որդեգրում չճանաչված հանրապետություններին անկախություն տրամադրելու դիրքորոշում: «Մեզ մեղադրում են, որ մենք սառեցնում ենք հակամարտությունները, սակայն մենք հստակ դիրքորոշում ունենք` եթե չկա երկու կողմերին բավարարող լուծում, ավելի լավ է սառեցնել հակամարտությունը, քան միակողմանի որոշում կայացնել, ինչպես ամերիկացիները պատրաստվում են դա անել Կոսովոյի դեպքում»,-ասել է փորձագետը:

Նրա կարծիքով, եթե Ռուսաստանն իրեն այդպես պահեր, նա կճանաչեր Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, Լեռնային Ղարաբաղի անկախությունը: «Սակայն մենք հայտարարում ենք, որ ճանաչում ենք Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքային ամբողջականությունը, հաստատելով, որ հակամարտությունը կարգավորված չէ եւ ավելի լավ է այն սառեցնել, քան միանշանակ որոշումներ կայացնել»,-ասել է քաղաքագետը, հաղորդում է «Թրենդը»: