Հաղարծնով անցնող ճանապարհի նորոգումը շարունակվում է. Ասֆալտի ներքին շերտը պատրաստ է

Հաղարծնով անցնող ճանապարհի նորոգումը շարունակվում է. Ասֆալտի ներքին շերտը պատրաստ է

PanARMENIAN.Net - Տավուշի մարզի Հաղարծին համայնքով անցնող միջպետական ճանապարհի մոտ 5 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են։

Աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր։

Հիմնանորոգվող ճանապարհի հիմքի ասֆալտբետոնե խառնուրդով շերտը փռված է։ Հաջորդ փուլը ասֆալտապատումն է:

Ճանապարհի հիմնանորոգումն իրականացնող ընկերության ղեկավար Ստեփան Վարդանյանը նշել է, որ ճանապարհի մոտ 3,5 կմ հատվածի ներքին՝ խոշոր ասֆալտի շերտն արդեն փռված է։

«Դրա վրայից պետք է փռվի 4 սմ հաստությամբ վերին՝ մանրահատիկ ասֆալտի շերտը։ Եթե անձրև չլինի, առաջիկա երեք օրերին ներքին շերտն ամբողջությամբ կավարտենք»,- մանրամասնել է ընկերության ղեկավարը։

Անդրադառնալով կառուցվող ճանապարհի որակին, շահագործման ժամկետներին ու պահպանմանը՝ ընկերության տնօրենը նշել է, որ հիմնական խնդիրը կապված է ջրահեռացման համակարգի հետ։ Դիտահորերն ու ջրատարը տարիներ շարունակ չմաքրելու պատճառով ճանապարհը հաճախակի հեղեղվում է։ Հիմա, ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում, դրանք մասամբ մաքրվել են։

«Եթե միշտ մաքուր պահվեն, ճանապարհը 10 տարուց ավելի լիարժեք կծառայի», - ասել է նա։

Ծանոթանալով իրավիճակին՝ նախարարը համայնքի ղեկավարին հորդորել է ուշադրություն դարձնել խնդրին և որոշակի պարբերականությամբ այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնել։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մայիսի 11-ին ասել էր, որ մայիսի 10-ին Հաղարծնի հատվածում սկսվել է ոչ թե փոսալցում, այլ կապիտալ շինարարություն, որը 10 օրվա ընթացքում կավարտվի:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---