Հայկական ArmEc Trading ընկերությունն էկվադորյան բանան է արտահանում ԵՏՄ շուկա, մասնավորապես Ղազախստան, հայկական մակնշմամբ: Այդ մասին հայտարարել է ընկերության ներկայացուցիչ Վարդան Հարությունյանը EADaily-ին:
Նա նշել է, որ ընկերությունը մտադիր է դուրս գալ նաև Իրանի և Վրաստանի շուկա:
Էկվադորի հետ առևտրատնտեսական կապերը ձևավորվել և խորացել են ԵՏՄ շնորհիվ, երբ ՀՀ-ն դարձավ միության անդամ և արդեն ներկայացնում էր ելքը 180-միլիոնանոց շուկա:
Ընկերությունն աշխատում է հետևյալ սխեմայով. բանաններն անմիջապես Ղազախստան են ներկրվում, սակայն փաստաթղթերը ձևակերպվում են ՀՀ-ում և շահութահարկը փոխանցվում է ՀՀ բյուջե: Ընկերությունը բանակցում է նաև Իրանի հետ՝ էկվադորյան բանանները կառաքվեն Իրան Վրաստանի, նաև Ադրբեջանի տարածքով, սակայն, ինչպես և Ղազախստանի դեպքում, շահութահարկը կփոխանցվի Հայաստանի բյուջե:
Ընկերությունը բանակցում է նաև ՌԴ և Բելառուսի հետ:
Հայկական ընկերությունը շարունակում է գործակցությունն էկվադորյան կողմի հետ տեսականու ընդլայնման ուղղությամբ և առաջիկայում մտադիր է կակաո, ծաղիկներ, ծովամթերք, մրգերի սառեցրած խյուս ներկրել ինչպես ՀՀ, այդպես էլ եվրասիական շուկա:
Ակնկալվում է, որ 2017-ի աշնանը Երևանում կբացվի Էկվադորի հյուպատոսությունը:
Կարդացեք նաև. Մորուք, օրգանններ ու ձմերուկի կլեպ. Ինչ տարօրինակ ապրանք է արտահանում Հայաստանը