30 մայիսի 2017 - 16:13 AMT
ԱԺ-ն քննարկում է դատախազների թոշակը. 423.000 դրամ, թե՝ 227.000

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստում հատուկ ընթացակարգով քննարկվել դատախազների, քննիչների` կենսաթոշակի անցնելու մասին նախագիծը։

Նախագիծը ներկայացնող արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ մինչև 2017-ի հուլիսի մեկ 20 տարվա մասնագիտական ստաժ ունեցող և 65 տարին լրացած դատախազները և քննիչները պետք է անցնեն կենսաթոշակի նախկին՝ 423.000 դրամ թոշակով:

«Սակայն կա 48 դատախազ, քննիչ, որոնք ունեն 20 տարվա մասնագիտական ստաժ, սակայն նրանց 65 տարին չի լրացել և ցանկանում են շարունակել աշխատել։ Մենք ցանկանում ենք նրանց հնարավորություն տալ` շարունակ աշխատել` կենսաթոշակի անցնելու մասին դիմում գրելով ցանկացած ժամանակ` պահպանելով բարձր կենսաթոշակի չափը` 423.000 դրամ», - ասել է Հովհաննիսյանը, մեջբերում է Ա1+-ը:

Նախկինում 20-ամյա կենսաթոշակ հատկացվում էր նրանց, ովքեր աշխատանքից կհեռանային մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը։ Այժմ առաջարկվում է այդ իրավունքն անժամկետ դարձնել բոլոր նրանց համար, ովքեր ծնվել են մինչև 1974 թվականը (տարիքով ավելի կրտսերները մասնակցում են կուտակային կենսաթոշակային համակարգին)։

Այսպիսով, ըստ նախագծի՝մինչև 1974 թ․ ծնված դատախազներն ու քննիչները պետք է կենսաթոշակը նախկին չափով ստանան։ Խնդիրն այն է, որ 2017-ի հուլիսի մեկից հետո 2014թ. օրենսդրական փոփոխություններով դատախազների, քննիչների կենսաթոշակը 423-ից պետք է իջեցվի 227.000 դրամի:

Ելք դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, հարց ուղղելով, նկատել է ` 120-130 դատախազ ազատվել է աշխատանքից, նրանցից քանիսի՞ դեպքում էր լրացել 65 տարին: Փոխնախարարը չգիտեր` նշելով, որ այդ տվյալն այդքան էլ էական չէ։

ԵԼՔ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը կարծիք է հայտնել, որ նախագծով խտրական վերաբերմունք է ցուցաբերվում:

ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանը նշել է, որՀայաստանում դատախազները միջինից 10 անգամ ավելի կենսաթոշակ են ստանում, սակայն ի՞նչ է շահում հասարակությունը, հասկանալի չէ։

Մելքումյանի խոսքով՝ Հայաստանում միջին կենսաթոշակը 41 հազար դրամ է, իսկ պաշտոնաթող դատախազները ստանում են շուրջ 430 հազար դրամ (մոտ 900 դոլար)։ «Պետք է մտածել՝ ինչի՞ համար են նրանք այդպիսի գումարներ ստանում, և արդյոք իրավական համակարգն ավելի անկախ ու արդար է դառնում։ Հակառակ դեպքում, ինչու՞ նման փողեր ծախսել, եթե մեր երկրում շատ ավելի սուր խնդիրներ կան։ Ւսկ, միգուցե, ավելի լավ է վճարել ոչ թե դատախազներին, այլ գիտնականներին՝ ինովացիայի զարգացման համար», - նշել է Մելքումյանը, մեջբերում է Armtimes.com-ը։

Դատաիրավական համակարգի աշխատակիցների թոշակները բարձրացնելու մասին օրենքը կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու բնույթ ունի, հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Միաժամանակ, նա նշել է, որ 2013թ.-ին, երբ ընդունվեց քննիչների, դատավորների, դատախազների թոշակները բարձրացնելու մասին օրենքը, այն լուրջ խնդիրներ առաջացրեց, որովհետև 20-ամյա աշխատանքային ստաժ ունեցող փորձառու մասնագետները լքեցին համակարգը՝ բարձր թոշակ ստանալու պատճառով:

«Այդ մարդիկ համատարած գնում էին թոշակի և ստացվում էր, որ թոշակի գնացած դատախազն ավելի շատ փող էր ստանում, քան այդ պահին գործող դատախազը: Աբսուրդ: Իրավիճակը հանգեցրեց նրան, որ այո՛, աշխատող սուբյեկտները, որոնք պոտենցիալ ունեն, դուրս եկան համակարգից, դրա փոխարեն եկան երիտասարդներ, ովքեր ավելի ցածր էին ստանում, քան դատախազը, որը տանը նստած է»,- ասել է Կոստանյանը՝ հավելելով, որ խորհրդարանական ամբիոնից բոլորը խոսում են թոշակի բարձր կամ ցածր լինելուց, այնինչ «մենք ունենում ենք կադրային արտահոսք»: