FAST հիմնադրամը ՀՀ-ում նորարարությունների համար ներդաշնակ միջավայր կստեղծի

FAST հիմնադրամը ՀՀ-ում նորարարությունների համար ներդաշնակ միջավայր կստեղծի

PanARMENIAN.Net - Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամը (FAST) կոչված է կենտրոնացնելու, համակարգելու և խթանելու աշխարհի հայ գիտնականների, ինժեներների և ձեռներեցների գործունեությունը: Այդ մասին հայտարարել է Հիմնադրամի գործադիր տնօրեն, նորարարական էկոհամակարգերի ճարտարապետ Արմեն Օրուջյանը՝ ներկայացնելով հիմնադրամի ձևավորման ընթացքը ՀՀ նախագահի հետ հանդիպմանը:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի (FAST) ներկայացուցիչներին, այդ թվում՝ հիմնադիրների և նրանց կողմից ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդամների, խորհրդատվական խորհրդի ներկայացուցիչների և հիմնադրամի գործադիր տնօրենին:

Հիմնադրամի գործադիր տնօրենը ներկայացրել է հոգաբարձուների խորհրդի և խորհրդատվական խորհրդի անդամներին, որոնց մեջ են առաջատար հայ գիտնականներ, ինժեներներ, ձեռներեցներ ամբողջ աշխարհից, ինչպես նաև հիմնադրամի գործունեության նպատակներն ու դրանց հասնելուն միտված ծրագրերը:

Խոսելով հիմնադրամի նպատակների մասին՝ գործադիր տնօրենը նշել է, որ այն կոչված է կենտրոնացնելու, համակարգելու և խթանելու աշխարհի հայ գիտնականների, ինժեներների և ձեռներեցների գործունեությունը՝ միտված Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունների համար ներդաշնակ միջավայր ստեղծելուն և զարգացնելուն, հայաստանյան ու միջազգային գիտական հանրույթների գիտական, տեխնոլոգիական և ֆինանսական հնարավորությունները մոբիլիզացնելուն:

Խորհրդակցության մասնակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի գործունեության արդյունավետ կազմակերպմանը վերաբերող հարցերի շուրջ և քննարկել նախատեսված նպատակների իրագործման համար անհրաժեշտ պայմանները, մեխանիզմներն ու հնարավորությունները, լսել այդ առումով նախագահի դիտարկումները և առաջարկությունները:

Ընդգծելով, որ հիմնադրամն այլևս իրողություն է, նախագահը նշել է, թե ուրախ է, որ հնարավոր դարձավ վաղուց խմորվող այս լավ գաղափարն առաջ մղել՝ ձևավորել խորհուրդ, գտնել համապատասխան փորձ ունեցող և ներուժ միավորելու կարողությամբ օժտված գործադիր տնօրեն: Նախագահը հաջողություններ է մաղթել հիմնադրամին և պատրաստակամություն հայտնել աջակցելու Հայաստանի զարգացման ընդհանուր տեսլականի մաս կազմող այս գաղափարի իրագործմանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամն ստեղծվել է 2016 թվականին, որի նպատակը Հայաստանում տեխնոլոգիական նորարարության և գիտական առաջխաղացման համար միջոցների ձեռքբերումն է: Հիմնադրամը մտադիր է մոբիլիզացնել Հայաստանի ու միջազգային համայնքների գիտական, տեխնոլոգիական և ֆինանսական ռեսուրսները:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---