1 հունիսի 2017 - 10:19 AMT
Թրամփը որոշ երկրների ղեկավարներին առաջարկել է ուղիղ իր բջջայինին զանգահարել. Անվտանգության ուժերը մտահոգված են

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը իր ձեռքի անձնական հեռախոսի համարը տվել է մի քանի երկրների ղեկավարներին՝ առաջարկելով ուղիղ զանգահարել իրեն: Թրամփի այդ նախաձեռնությունը առաջացրել է ամերիկյան անվտանգության ծառայությունների անհանգստությունը․ նրանք զգուշանում են, որ Սպիտակ տան ղեկավարի հեռախոսազրույցները կարող են գաղտնալսել օտարերկրյա հատուկ ծառայությունները:

Թրամփը իր հեռախոսի համարը տվել է Մեքսիկայի նախագահին ու Կանադայի վարչապետին, վերջինս արդեն օգտվել է դրանից՝ զանգահարել է ԱՄՆ նախագահին, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը Associated Press-ի վրա հղումով:

Թրամփը և Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանյուել Մակրոնը նույնպես փոխանակել են իրենց հեռախոսների համարները: Ըստ ֆրանսիացի պաշտոնյաների, դա տեղի է ունեցել այս ամսվա սկզբին, երբ ԱՄՆ նախագահը զանգահարել է Մակրոնին՝ շնորհավորելու նրա հաղթանակը Ֆրանսիայի նախագահական ընտրություններում: