1 հունիսի 2017 - 10:50 AMT
2016-ին Արցախում վիրավորված զինվորին կվիրահատեն. Գանգի եռաչափ մոդելը կպատվիրեն Իտալիայում

Մեկ տարի առաջ Արցախում ծանր վիրավորված զինծառայող Հովհաննես Պողոսյանն այժմ վերականգնողական բուժում է ստանում Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ ԶՈՒ բուժծառայության վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:

Նրա խոսքերով՝ ընթացքի մեջ է Հովհաննեսի գլխի պլաստիկ վիրահատության հարցը: «Կատարվել է նրա գանգի եռաչափ մոդելավորում, որպեսզի պլաստիկան կատարելու համար ստանանք գլխի ձևաչափը: Մոդելը պատվիրելու ենք Իտալիայից»,- նշել է Կամավոր Խաչատրյանը, հայտնում է Panorama.am-ը:

Բուժծառայության վարչության պետն ասել է, որ նպատակը Հովհաննեսին ակտիվ կյանք վերադարձնելն է. «Մենք կարող էինք ավելի շուտ այդ վիրահատությունը կատարել, սակայն չցանկացանք ուղղակի շտկել վնասվածքն արտաքինից, իսկ հետագայում էլ նա գլխացավեր, գանգատներ ունենար, այսինքն՝ կյանքի որակը փոխել միայն արտաքինից: Եթե ուզենայինք անել, ապա երեք օրում էլ կարող էինք անել, բայց մենք ուզում ենք, որ Հովհաննեսը ոչ միայն ակտիվ կյանքով սկսի ապրել, այլ նաև առողջական խնդիրներ չունենա»:

1995թ. ծնված Հովհաննես Պողոսյանը 2016-ի մայիսի 13-ին ստացել է գանգուղեղի հրազենային ծանր վիրավորում, գլխուղեղի սալջարդ, այլ բազմաբեկորային կոտրվածքներ։ Վիրավորում ստանալուց հետո զինծառայողը տեղափոխվել էր Մարտակերտի հոսպիտալ, վիրահատվել, ապա տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալ, իսկ հետո՝ Երևան: Ի դեպ, Հովհաննեսը երկրորդ անգամ է վիրավորվել: Առաջին անգամ թեթև վնասվածք է ունեցել և նորից դիրքեր է բարձրացրել:

Հովհաննեսը 28 օր եղել է կոմայում, 36-րդ օրը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ, 105 օր մնացել է հոսպիտալում: