1 հունիսի 2017 - 15:43 AMT
Գևորգ Կոստանյանը՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ

ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանը նշանակվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ ՄԻԵԴ-ում, ՀՀ ներկայացուցիչ:

Կառավարության որոշման համաձայն, ներկայացուցիչն իր լիազորությունների իրականացման համար չի վարձատրվում: Ներկայացուցչի գործունեության հետ կապված այլ ծախսերը ֆինանսավորվում են ՀՀ կառավարության կողմից:

Ներկայացուցիչը ՄԻԵԴ-ում ներկայացնում և պաշտպանում է ՀՀ դիրքորոշումը, ներառյալ՝ իրականացնում է Դատարանի կանոնակարգով կողմին վերապահված բոլոր լիազորությունները, ինչպես նաև վերահսկում է ՀՀ վերաբերյալ կայացված պարտավորեցնող վճիռների և որոշումների կատարման ընթացքը:

Ինչպես նշված է կառավարության որոշման մեջ, իր լիազորությունները պատշաճ և արդյունավետ իրականացնելու նպատակով Ներկայացուցիչն իրավասու է առաջարկել, ձեռնարկելու դրանց կատարումից բխող անհրաժեշտ միջոցառումներ, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական կազմակերպություններից պահանջել և ստանալ փաստաթղթեր, տեղեկություններ և այլ անհրաժեշտ օժանդակություն:

Նշված մարմինները պարտավոր են Ներկայացուցչի նշած ժամկետներում վերջինիս տրամադրել պահանջվող փաստաթղթերը, տեղեկությունները և ցուցաբերել անհրաժեշտ օժանդակությունը:

«Դատարանում ՀՀ ներկայացուցչության անընդհատությունն ապահովելու համար Ներկայացուցչին կարող է փոխարինել ՀՀ արդարադատության նախարարի համապատասխան տեղակալը, որին որոշում է արդարադատության նախարարը` Ներկայացուցչի առաջարկությամբ»,-ասված է կառավարության որոշման մեջ:

Մայիսի 17-ին վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Գևորգ Կոստանյանն ազատվել էր մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնից։