2 հունիսի 2017 - 09:26 AMT
Տիգրան Սարգսյան. Առաջիկա 20 տարում գյուղմթերքի դեֆիցիտ է լինելու

Համաշխարհային տնտեսության մեջ առաջիկա քսան տարում գյուղմթերքի դեֆիցիտ Է նկատվելու: Այս մասին Սանկտ Պետերբուրգում անցկացվող 21-րդ միջազգային տնեսական համաժողովում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, հաղորդում է Lenta.ru-ն:

«Գյուղմթերքի դեֆիցիտը նշանակում Է, որ Եվրասիական տնտեսական միությունն իր շուկաները զարգացնելու հզոր ներուժ ունի»,- նշել է Սարգսյանը:

Նա շեշտել է, որ համաժողովի ընթացքում ամենաքննարկված հարցերը վերաբերում են հենց գյուղմթերքի արտահանման ու ներմուծմանը: Սարգսյանը նշել է, որ ԵԱՏՄ անդամ երկրներում աճեցված գյուղմթերքը ճանաչված է շուկայում: Եվ այն փաստը, որ այդ երկրներում գյուղատնտեսությունը զարգանում է արագ տեմպերով, խոսում է մատակարարումների լայն հնարավորությունների մասին:

Հայաստանի Հանրապետությունից համաժողովին մասնակցում է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը:Այս տարի համաժողովին մասնակցում է 12.000 մարդ, ներառյալ արտասահմանյան երկրների նախարարներ և ընկերությունների ղեկավարներ:

Վաչե Գաբրիելյանը Եվրոպական և Եվրասիական ինտեգրում թեմայով քննարկմանն ունեցած ելույթում նշել է, որ Հայաստանը դիտարկում է Եվրոպական և Եվրասիական ինտեգրման գործընթացները որպես փոխլրացնող և ձգտում է դրանց հաջող համադրման միջոցով ձևավորել ձևաչափեր, որոնք կիրառելի կլինեն ավելի լայն մասշտաբով՝ ամբողջ Եվրասիական տարածքում:

Հունիսի 2-ին նախատեսված է ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կողմից մշակված «Հայաստանի զարգացմանն ուղղված բարեփոխումները և նոր հնարավորությունները» թեմայով շնորհանդեսը: