Արարատից ու Արմավիրից ներդրումային նոր ծրագրերն են քննարկվել

Արարատից ու Արմավիրից  ներդրումային նոր ծրագրերն են քննարկվել

PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերից ներկայացված նոր ներդրումային ծրագրերը:

Բիզնես ծրագրերը վերաբերում էին գինեգործության և մրգային օղիների արտադրության ընդլայնմանը, օրգանական գյուղմթերքի վերամշակմանը, գյուղատնտեսական սարքավորումների արտադրությանը, ջերմոցային տնտեսությունների ընդլայնմանը և այլն:

Մանրամասներ են ներկայացվել ծրագրերի տնտեսական հիմնավորումների և ֆինանսական գնահատականների վերաբերյալ: Վարչապետը նշել է, որ բոլոր ծրագրերը պետք է դիտարկվեն սահմանված հայտանիշերի հիման վրա:

Կարապետյանը կարևորել է բիզնես ծրագրերի գնահատումը՝ ըստ ակնկալվող արդյունքների ու ռիսկերի և հանձնարարել պատասխանատուներին՝ հավանության արժանացած ծրագրերին ընթացք տալու նպատակով համատեղ ուսումնասիրել աջակցության հնարավորությունները:

2017-ի փետրվարի դրությամբ Կառավարության աշխատակազմը քննարկել է 471 ներդրումային ծրագիր, որից 345-ը համարել է իրատեսական: Ծրագրերի ընդհանուր ներդրումային արժեքը կազմում է 2.4 մլրդ դոլար, որից կառավարության աշխատակազմը 2017 թվականի համար հնարավոր է համարում իրագործել 830-850 մլն դոլար արժողությամբ ծրագրերը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---