6 հունիսի 2017 - 10:39 AMT
ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին

ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել, որով կոչ է արվում դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխել և արաբա-իսրայելյան հակամարտությունը 2 պետությունների սկզբունքի հիման վրա կարգավորել:

Փաստաթղթին կողմ է քվեարկել 100 սենատոր:

Ինչպես նշվում է «Երուսաղեմի վերամիավորման 50-ամյակի տոնակատարության վերաբերյալ» բանաձևի անոտացիայում, փաստաթուղթը հաստատում է «ԱՄՆ վաղեմի քաղաքականությունն առ այն, որ Երուսաղեմի մշտական կարգավիճակի հարցը պետք է լուծեն կողմերը բանակցությունների հիման վրա», հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Բանաձևը հաստատում է 1995-ի օրենքի դրույթը ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ, որի կատարումը կես տարին մեկ հետաձգվում էր:

Բանաձևը պարտադիր չէ կատարման համար, սակայն արտահայտում է ԱՄՆ բարձրագույն օրենսդիր մարմնի տեսակետն այդ հարցի վերաբերյալ: .

1967-ի 6-օրյա պատերազմի արդյունքում Իսրայելը հսկողություն սահմանեց Արևելյան Երուսաղեմի հանդեպ, օրենսդրորեն այն անջատելով Հորդանանի Արևմտյան ափից և իր ինքնիշխանությունը հայտարարեց միավորված Երուսաղեմում: Պաղեստինցիները չեն ընդունում այդ որոշումը և քաղաքը համարում են իրենց մայրաքաղաքը:

Արաբա-իսրայելյան խաղաղ կարգավորման ծրագիրը հիմնված է 2 պետության սկզբունքի վրա, որին կողմ էին ԱՄՆ նախորդ վարչակազմերը: Սակայն Թրամփը հայտարարել է, որ չի պնդելու այդ սկզբունքի վրա: