6 հունիսի 2017 - 15:21 AMT
Նախարար. Եթե կրճատվող ուսուցիչներն աշխատանքով չապահովվեն՝ փոխհատուցում կստանան

Դպրոցների օպտիմալացման ժամանակ կրճատումների թիվը չի կարող ավելի լինել, քան մի քանի հարյուր մարդ` ամբողջ հանրապետությունում: Այս մասին հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ պատասխանելով լրագրողների այն դիտարկմանը՝ թե օպտիմալացման դեպքում 8-9 հազար ուսուցիչ կկրճատվի։

Նախարարը հավելել է, որ եթե «չկարողանան ուսուցիչներին աշխատանքով ապահովել, պետք է տրամադրեն փոխհատուցում»: «Եթե փակվող դպրոցներ լինեն, սա կարևոր պայմաններից մեկը կլինի»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

«Մենք ունենք քաղաքային դպրոցների հիմնախնդիր և դրանցում ունենք 30 տոկոս գերբեռնված և այդքան էլ թերբեռնված դպրոցներ: Մեր ամբողջ կրթական քաղաքականությունը հանգում է նրան, որ դպրոցը սկսի աշխատել մինչև ժամը 3-4-ը: Այսինքն` եթե մենք սկսենք մտածել` ինչպես անել, որ երկրորդ հերթը բեռնաթափելու ձևով վերաբեռնավորենք մեր մյուս դպրոցները` չեմ կարծում, որ այդտեղ ուսուցիչների շատ մեծ կրճատումների խնդիր կլինի: Խոսքը գնում է ավելի հավասարաչափ բաշխելու և դպրոցների զարգացման` ավելի համալիր ծրագիր ունենալու մասին»,-նշել է կրթության գերատեսչության ղեկավարը։

Նրա խոսքով, կլինեն փակվող դպրոցներ, օրինակ, եթե Երևան քաղաքում ունենք դպրոց, որն ունի 40 աշակերտ, իսկ 500-600 մետրի վրա մեկ այլ դպրոց կա, ապա դպրոցներից մեկը կփակվի, ուսուցիչների խնդիրն էլ կկարգավորվի:

«Մենք հիմա մշակում ենք դպրոցական համակարգի զարգացման համալիր ծրագիրը, որի նպատակակետը պետք է լինի, այն որ մեր հիմնական դպրոցները ծանրաբեռնված լինեն 300 աշակերտի շրջագծով։ Այդ դեպքում դպրոցը լիարժեք կաշխատի։ Դրան հասնելու ինչ ճանապարհ ունենք` յուրաքանչյուր դպրոց պետք է հասկանա` ինչպես պետք է ինքն իր հզորություններն ուժեղացնի, որ տարիների ընթացքում ինքն իրեն հասնի դրան: Այն դպրոցները, որոնք գերբեռնված են, նույնպես որակի անկում ունեն, սակայն այստեղ էլ առկա է հետևյալը` դպրոցն անուն ունի և ծնողն ուզում է, որ երեխան հենց այդ դպրոցում սովորի: Այս դեպքում մենք կարող ենք լրացուցիչ կորպուսներ տրամադրել դպրոցին»:

Լևոն Մկրտչյանը հավելել, որ օպտիմալացման ժամանակ առաջինը փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցների խնդիրը պետք է լուծել, բայց, միաժամանակ, պետք է հաշվի առնեն նաև տարածքային առանձնահատկությունները` կարողանալով երեխայի կրթությունն ապահովել հենց իր բնակավայրում:

Ինչ վերաբերում է ավագ դպրոցներին՝ նա նշել, որ խոսքը կարող է գնալ 150 աշակերտ ունենալու մասին։

Ընթերցեք նաև.Նախարար. Միասնական քննություններում փոփոխություններ կլինեն