Էրդողանի թիկնապահների բռնությունը դատապարտող բանաձևն ընդունվել է

Էրդողանի թիկնապահների բռնությունը դատապարտող բանաձևն ընդունվել է

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգների Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը միաձայն՝ 390 կողմ, 0 դեմ, ընդունել է թիվ 354 բանաձևը, որը «դատապարտում է մայիսի 16-ին Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը և կոչ է անում միջոցներ ձեռնարկել հետագայում նման միջադեպերը կանխելու համար»:

Բանաձևում նշվում է, որ «ցանկացած թուրք անվտանգության աշխատակից, ով ուղղորդել, ղեկավարել կամ մասնակցել է մայիսի 16-ին թուրքական անվտանգության ուժերի կողմից խաղաղ ցույցի ապօրինի ճնշման գործողությանը, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի, և պետք է դատական գործ հարուցվի նրա դեմ Միացյալ Նահանգների օրենսդրության համաձայն»:

Մայիսի 26-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն էր միաձայն ընդունել այս բանաձևը։ Հարձակումների մեջ մեղադրող թիկնապահներն արդեն վերադարձել են Թուրքիա:

Բախումներից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը հանդես եկավ հայտարարությամբ. - «Անհանգստացած ենք թուրք թիկնապահների ու խաղաղ ցուցարարների միջև տեղի ունեցած բռնություններով։ Մենք մեր դիրքորոշումը կհասցնենք մինչև Անկարա։ Բռնությունը չի կարող համարժեք պատասխան լինել այլախոհությանը»։ Տեղի ունեցածի կապակցությամբ մտահոգություն էին հայտնել Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը, բազմաթիվ կոնգրեսականներ, իրավապաշտպաններ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները մայիսի 16-ին Վաշինգտոնում հարձակվել են հայ, քուրդ ու եզդի խաղաղ ցուցարարների վրա, որոնք բողոքի ակցիա էին անցկացնում Էրդողանի այցի դեմ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---