«Գահերի խաղի» նոր եթերաշրջանը ռեկորդային է մարդկանց հրկիզումների քանակով

«Գահերի խաղի» նոր եթերաշրջանը ռեկորդային է մարդկանց հրկիզումների քանակով

PanARMENIAN.Net - «Գահերի խաղի» նոր 7-րդ եթերաշրջանի նկարահանումների ժամանակ և կոնկրետ վիշապների հետ դրվագներում միանգամից մի քանի ռեկորդ է սահմանվել: Այդ մասին հայտարարել է հնարքներ կատարող դերասանների համակարգող Ռոուլի Իրլեմը:

Իրլեմը «Էմմի» է ստացել 5-րդ եթերաշրջանում մեկ օրում ավելի քան 20 մարդու «հրկիզման» համար: Սակայն նոր եթերաշրջանում այդ ռեկորդը գերազանցվել է:

«Դրվագներից մեկում միանգամից 73 այրվող մարդ կա, դա ռեկորդ է: Երբեք և ոչ մի ֆիլմում կամ սերիալում նման բան չի եղել, իսկ մենք դա արել ենք մեկ պատկերում: Բացի այդ, մենք 20 դերասանի ենք հրկիզել լողափում: «Փրկել շարքային Ռայանին» ֆիլմում լողափում 13 այդպիսի մարդ կա, «Խիզախ սրտում»՝ 18: Քանի որ մենք պետք է ցույց տայինք վիշապների բնույթը, անհրաժեշտ էր ավելացնել տուժած մարդկանց քանակը»,-հայտարարել է Իրլեմը, գրում է «Կանոբուն»:

Այրվող դերասաններով (հնարքններ կատարող) նկարահանումը շատ վտանգավոր գործընթաց է: Նրանք հատուկ հրակայուն հանդերձանք են կրում, սակայն չեն կարող շնչել, քանի որ կարող են կրակ կուլ տալ: Նրանց սովորեցնում են պահել շունչը, մինչև որ կրակը կմարեն: Վտանգ կա նաև այն առումով, որ նույնիսկ եթե կրակը մարել են, նա կրկին կարող է հրկիզվել:

«Մենք բազում դուբլեր ենք անում, որպեսզի ֆիլմը դիտելիս հանդիսատեսն իրոք զգա, որ կրակով համակված իրական մարդու է տեսնում: Մենք ուզում էինք ցույց տալ, թե իրականում ինչպիսի տեսք ունեն պատերազմի զոհերը»,-ասել է հնարքներ համակարգողը:

HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» սերիալի վերջին 8-րդ եթերաշրջանը ընդամենը 6 սերիա կունենա: Այդպիսով վերջին եթերաշրջանն ամենակարճը կլինի՝ բոլոր նախորդ եթերաշրջանները 10 սերիայից էին բաղկացած, իսկ 7-րդը՝ 7 էպիզոդից:

«Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար:

Ընթերցեք նաև.«Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանը կարող է թողարկվել 2019-ին

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---