ՊՊԾ գնդի գրավման դեպքով 18 մեղադրյալի անջատված գործն ուղարկվել է դատարան

ՊՊԾ գնդի գրավման դեպքով 18 մեղադրյալի անջատված գործն ուղարկվել է դատարան

PanARMENIAN.Net - Կազմակերպված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները զավթելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից 18 մեղադրյալի նկատմամբ անջատված գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ծանր հանցագործություն կազմակերպելու համար մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք այլ անձանց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակելուն պետությանը հարկադրելու նպատակով՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները զավթելու, պատանդներ վերցնելու և պահելու համար Վարուժան Ավետիսյանը Պավել Մանուկյանի, Արմեն Լամբարյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի և մյուսների հետ ստեղծել են կազմակերպված, զինված կայուն խումբ:

Դրանում ընդգրկվել են Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը, Արթուր Մելքոնյանը, Տիգրան Սարգսյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Արթուր Սողոմոնյանը, Գառնիկ Հովակիմյանը, Հովհաննես Վարդանյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գևորկ Իրիցյանը, Թորոս Թորոսյանը և այլոք:

Կազմակերպված խմբի անդամները նախապես ուսումնասիրել են որպես թիրախ ընտրված ՊՊԾ գնդի տարածքը, հավաքագրել ու հրահանգավորել են խմբի անդամներին, կատարել են գործողությունների հստակ դերաբաշխում, ապօրինի կերպով ձեռք են բերել և պահել հրազեն հանդիսացող 14 ինքնաձիգ՝ ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով, ինքնաշեն ատրճանակ, ռազմամթերք հանդիսացող 20 նռնակ, ինչպես նաև տրոտիլային պայթաղյուս:

2016 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 5:00-ի սահմաններում, կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել և պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաև նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների:

Այնուհետև, կազմակերպված խմբի անդամները կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել են գնդի սպառազինության մեջ մտնող, հրազեն հանդիսացող 217 ատրճանակ, 10 ինքնաձիգ, որսորդական ակոսափող հրացան՝ ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով, ինչպես նաև ՊՊԾ գնդի աշխատակիցներին պատկանող, հրազեն հանդիսացող ատրճանակ և ակոսափող որսորդական հրացաններ:

Ինչպես հարձակման, այնպես էլ հաջորդող օրերին կազմակերպված խմբի անդամները ձեռնարկել են զավթած շենքերն ու շինությունները, տրանսպորտի միջոցները և պատանդներին պահելուն ուղղված մի շարք գործողություններ. մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, գնդի տարածքից կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով իրավապահ մարմինների մի շարք աշխատակիցներ ստացել են մարմնական վնասվածքներ:

Պատանդ են վերցվել ու գնդի տարածքում պահվել նաև վիրավորված զինյալներին բժշկական օգնություն ցույց տալու նպատակով գնդի տարածք ժամանած բուժաշխատողներ: Պատանդների մի մասը դիմել է փախուստի, մնացածներին ազատ են արձակել կազմակերպված խմբի անդամները:

Կազմակերպված խմբի անդամները 2016թ. հուլիսի 24-ին գնդի տարածքից դուրս են բերել հարակից Մ.Խորենացու փողոց և հրկիզման միջոցով ոչնչացրել են ՀՀ ոստիկանության հաշվեկշռում հաշվառված և քաղաքացիների պատկանող ավտոմեքենաներ:

Վարդան Գերավետյանը, Հովհաննես Վարդանյանը, Գառնիկ Հովակիմյանը, Արթուր Սողոմոնյանը, Արայիկ Հակոբյանը, Տիգրան Մանուկյանը կազմակերպված խմբի այլ անդամների հետ գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2016 թվականի հուլիսի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, գնդի տարածքում գտնվող գեներատորի գործարկմամբ, էլեկտրական սղոցով կտրել են ՊՊԾ գնդի պարսպի մեջ ներկառուցված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատի հետնամասի դռների ծխնիները, բացել բանկոմատը և այնտեղից գաղտնի հափշտակել ՓԲ ընկերության առանձնապես խոշոր չափերով՝ 14.808.000 ՀՀ դրամը:

2016 թվականի հուլիսի 31-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, կազմակերպված խմբի անդամներ Տիգրան Սարգսյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Արթուր Սողոմոնյանը, Գառնիկ Հովակիմյանը, Հովհաննես Վարդանյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գևորկ Իրիցյանը, Թորոս Թորոսյանը և այլոք հրաժարվել են իրենց պահանջներից, կամովին ազատել զավթված շենքերը, շինություններն ու տրանսպորտային միջոցները, հանձնվել իրավապահ մարմիններին, իսկ նախորդող օրերին իրավապահ մարմինների կողմից վնասազերծվել և գնդի տարածքից դուրս են բերվել կազմակերպված խմբի անդամներ Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը և Արթուր Մելքոնյանը:

Նախաքննությամբ հաստատվել է նաև, որ Մանվել Աթոյանը նախապատրաստվել է միանալ շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները զավթած, պատանդներ վերցրած ու պահող կազմակերպված խմբին, վերջինիս կազմում ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրելով ու պահելով, խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին:

Վարդգես Գևորգյանը, զբաղեցնելով ՀՀ ՊՆ զորամասի դասակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով մարտական հենակետի ավագ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2016 թվականի հուլիսի 20-ին հենակետից յուրացման եղանակով հափշտակել է ռազմամթերք հանդիսացող «ՌԳ-42» տեսակի նռնակ՝ իր պայթուցիչով, ապա նույն օրը խախտել է մարտական հերթապահություն կրելու կանոնները, ինքնակամ թողել է մարտական հենակետը և նշված նռնակը սառը զենք հանդիսացող անձնական որսորդական դանակի հետ ապօրինի կրելով՝ փորձել է միանալ շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները զավթած, պատանդներ վերցրած ու պահող կազմակերպված խմբին, դրա կազմում ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրելով ու պահելով, խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին:

Բացի այդ, Վարդգես Գևորգյանը, առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք է բերել և իր տանը պահել զգալի չափերով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, ինչպես նաև ռազմամթերք հանդիսացող մարտական փամփուշտներ և պայթուցիչ:

Մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նշված 18 մեղադրյալի նկատմամբ անջատվել է քրեական գործ, որով կազմված մեղադրական եզրակացությունը հաստատվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից և քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

2016-ի հուլիսի 17-ից՝ 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան:

Կարդացեք նաև՝ ՀՔԾ. ՊՊԾ գնդում ոստիկաններին սպանել են Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---