ԱԳ փոխնախարար. ԼՂ հարցում արդյունք չի լինի, մինչև կողմերի միջև վստահություն չձևավորվի

ԱԳ փոխնախարար. ԼՂ հարցում արդյունք չի լինի, մինչև կողմերի միջև վստահություն չձևավորվի

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության հարցում արդյունք չի գրանցվի այնքան ժամանակ, մինչև կողմերի միջև չձևավորվի վստահության մթնոլորտ: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով սպասելիքներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջիկա տարածաշրջանային այցից:

«Մենք մեկ սպասելիք ունենք և դա նոր չէ, որ միջնորդները վերջապես հասնեն նրան, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչվեն: Այսօր դրա մասին է միայն խոսքը և պատահական չէ, որ հենց Վիեննայում ձևավորվեց այն մոտեցումը, որ մինչև կողմերի միջև չձևավորվի վստահության մթնոլորտ, խոսել առաջընթացի մասին բանակցային գործընթացում, անհնարին է», - նշել է նա, հայտնում է Aysor.am-ը: Նրա խոսքով՝ այդ վստահության մթնոլորտի բաղկացուցիչ պայմաններն են, որ չկրակեն և սանդրանքներ չլինեն: «Ա՛յ, դա կլինի արդյունքը», - հավելել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Անդրադառնալով հարցին, որ վերջերս ակտիվացել են խոսակցություները պատերազմի վերսկսման մասին՝ Քոչարյանն արձագանքել է. «Այդ խոսակցությունները նոր չեն, տարիներ շարունակ այդ սուրն անընդհատ փորձում է թափ տալ հենց Բաքուն, և նաև այն քայլերը, որոնք իրականացրել է շփման գծում՝ բարձրացնելով լարվածությունը, իհարկե դա մտահոգություն է առաջացնում առաջին հերթին հենց միջնորդ պետությունների մոտ, քանի որ երեքն էլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ են և պատասխանատու են աշխարհի ցանկացած մասում խաղաղության համար»:

2016-ի հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

2016-ի մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---