Կոչ տաքսի ծառայություն մատուցողներին. Oրենքի շրջանակում գործեք հստակ առաջարկներ արեք

Կոչ տաքսի ծառայություն մատուցողներին. Oրենքի շրջանակում գործեք հստակ առաջարկներ արեք

PanARMENIAN.Net - «Ավտովարորդների իրավունքների պաշտպանության լիգա» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանը մամուլի ասուլիսում անդրադարձել է տաքսի ծառայությանն առնչվող մի շարք հարցերի: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության համաձայն՝ Հովհաննիսյանի հայտարարությունները կապ չունեն իրականության հետ:

«Մի կողմ թողնելով իրավական ակտերի կամայական մեկնաբանությունները՝ հարկ ենք համարում նշել, որ ասուլիսում հնչած հայտարարությունները, մեղմ ասած, որևէ կապ չունեն իրականության հետ:

Նախարարությունը մշտապես հանդես է եկել բաց, թափանցիկ աշխատաոճի օգտին: Հասարակական բոլոր շերտերի, առավել ևս՝ բանախոսի և նրա «շահառու» տաքսու վարորդների առաջ նախարարության դռները միշտ բաց են եղել:

Դրա վկայությունն են նախարարի, նրա տեղակալների, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների մոտ տաքսու վարորդների, ուղևորափոխադրողների և հենց իր մասնակցությամբ մինչ այսօր տեղի ունեցած բազմաթիվ հանդիպումներն ու քննարկումները, որոնք ամենայն մանրամասնությամբ լուսաբանվել են և՛ զանգվածային լրատվամիջոցներում, և՛ նախարարության պաշտոնական կայքում», - ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

Վերոնշյալի համատեքստում նախարարությունը կոչ է անում.

Լիգայի նախագահին. մերկապարանոց հայտարարությունների փոխարեն հանդես գալ օրենսդրության սահմաններում տեղավորվող հստակ առաջարկներով և չանցնել կոռեկտության սահմանները,

Տաքսի ծառայություն մատուցել պատրաստվող անձանց. նախարարության հետ իրավահարաբերություններում կտրականապես ձեռնպահ մնալ միջնորդավորված (լիազորագրով) ծառայություններից, լիարժեք օգտվել նախարարության վարչական շենքի առաջին հարկում գործող «Մեկ պատուհանից»:

Նշվում է, որ ոլորտում կան լուծման կարիք ունեցող բազմաթիվ հարցեր, որոնց ուղղությամբ նախարարությունը հետևողական աշխատանք է կատարում:

«Բնականաբար առաջնահերթ գերակայություն է տրվում ոչ թե անօրինական գործունեության անընդունելի փառաբանումներին, այլ հասարակությանը մատուցվող ծառայությունների որակի և արդյունավետության բարձրացմանը:

Դրան են միտված նաև «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը: Ի դեպ, այդ նախագծերը դեռևս մայիսի 22-ից հրապարակված են նախարարության պաշտոնական կայքի «Իրավական ակտերի նախագծեր» բաժնում, մատչելի ու տեսանելի են երկրի ամբողջ տարածքում, պարզ և հասանելի՝ հասարակական հնարավոր բոլոր շերտերի համար: Սակայն առ այսօր նա, նախարարությունում ձևավորված տաքսի ծառայությունների ոլորտի բարեփոխումներով զբաղվող աշխատանքային խմբի անդամ լինելով հանդերձ, այդ նախագծերից և ոչ մեկի վերաբերյալ որևէ գրավոր առաջարկություն չի ներկայացրել: Այնպես որ, այդ պնդումը ևս իրականության հետ գոնե մոտավոր աղերս չունի:

Փոխարենը նա հանդես է գալիս անօրինական գործունեություն ծավալելու օգտին, ընդ որում՝ շատ լավ գիտակցելով վարորդների համար դրա հետևանքները», - մասնավորապես ասված է հայտարարությունում:

Նշվում է, որ 2016 թվականին նախարարությունը հասարակական խորհրդին անդամակցելու առաջարկով 3 անգամ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, սակայն վերոնշյալ լիգան երբևէ չի դիմել: Ուստի սեփական անգործության համար պետական մարմնին մեղադրելը չի տեղավորվում գրագետ իրավահարաբերությունների և գործակցության շրջանակներում:

Տիգրան Հովհաննիսյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ «Ավտովարորդների պաշտպանության լիգա» հասարակական կազմակերպությունը հույս չունի, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ ոլորտում եղած խնդիրները կլուծի և որոշել է պայքարը տեղափոխել դատա-իրավական դաշտ:

Նրա խոսքով, ավտովարորդները պահանջելու են երկու տարի առաջ լիցենզիա ձեռք բերելու համար վճարված գումարները, իսկ լիցենզիա չունենալու հետևանքով գործունեությունը դադարեցրած վարորդները հրաժարվելու են վճարել տույժ ու տուգանքները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---