ԱՆ. Հեպատիտ Ց-ով բուժման ենթակա հիվանդների ցանկը հստակեցվել է, դեղն անվճար է

ԱՆ. Հեպատիտ Ց-ով բուժման ենթակա հիվանդների ցանկը հստակեցվել է, դեղն անվճար է

PanARMENIAN.Net - Վրաստանի կառավարության կողմից նվիրաբերված ժամանակակից սովալդի դեղով հեպատիտ Ց-ով հազար հիվանդի բուժման ծրագիրը ընթացքի մեջ է։ Առողջապահության նախարարության կողմից մշակված չափորոշիչներին համաձայն հստակեցվել է բուժման ենթակա հիվանդների ցանկը։ Ըստ դրա մասնագետները հիվանդներին հեռախոսազանգերով հրավիրում են դեղը տրամադրելու և բուժումն իրականացնելու համար։

Հեպատիտ Ց-ի արդյունավետ բուժումը հնարավոր է դարձել վերջին տարիներին հայտնաբերված սովալդի դեղի օգտագործմամբ։ Հայաստան է ներմուծվել դրա օրիգինալը։ Առանձին երկրներում այդ դեղով մեկ հիվանդի բուժման արժեքը հասնում է մինչև 80-100 հազար ԱՄՆ դոլարի։

Այս ծրագրով բուժման շրջանակում սովալդի դեղը տրամադրվում է անվճար, սակայն անհրաժեշտ հետազոտությունների համար հիվանդը վճարում է։ Բացի այդ, բուժման երկրորդ դեղը նույնպես ձեռք է բերում հիվանդը, սակայն շուկայականից զգալի ցածր գնով։ Նման համաձայնություն նախարարությունը ձեռք է բերել ներկրողի հետ բանակցությունների արդյունքում, հայտնում է առողջապահության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ընդհանուր ցանկում առկա հիվանդների թիվը կրկնակի ավելին է, քան այս պահին բուժման հնարավորություն ունեցողներինը։ «Ուստի հորդորում ենք հրավեր ստացած հիվանդներին ժամանակին ներկայանալ Նորք ինֆեկցիոն հիվանդանոց։ Չներկայանալու դեպքում տվյալ հիվանդի տեղը կզբաղեցնի մեկ ուրիշը։ Ծրագիրը կավարտվի հազարերորդ հիվանդի բուժումը նշանակելու պահին»,- ասված է ԱՆ հաղորդագրության մեջ ։

Միաժամանակ առողջապահության նախարարությունը հույս է հայտնել, որ հետագայում ծրագիրը կարող է դառնալ շարունակական։

Հեպատիտ Ց-ն վարակիչ հիվանդություն է, որը գլխավորապես ախտահարում է լյարդը։ Հաճախ հեպատիտ Ց-ն ընթանում է առանց ախտանիշերի, սակայն խրոնիկական ընթացքը կարող է սպիական փոփոխություններ առաջացնել լյարդում և տարիներ անց՝ լյարդի ցիռոզի պատճառ դառնալ։Բուժում ստացածների 50-ից 80 տոկոսը բուժվում է։ Լյարդի ցիռոզ կամ քաղցկեղ ունեցողների մոտ առաջանում է լյարդի փոխպատվաստման անհրաժեշտություն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---