30 նոյեմբերի 2007 - 15:22 AMT
ԼՂՀ ԱԳՆ-ն գտնում է, որ ՄՃԽ-ն երկակի չափանիշներ է կիրառում
Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) հերթական զեկույցը` նվիրված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ժառանգել է բացասական բաղադրիչներ, մասնավորապես, հեղինակները փորձում են հակամարտությունը ներկայացնել որպես տարածքային վեճ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, նսեմացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դերն ու նշանակությունը կարգավորման գործընթացում` իջեցնելով այն մինչեւ տարածքային վեճի օբյեկտի, անտեսել հայ փախստականների եւ ԼՂՀ օկուպացված տարածքների հիմնախնդիրը (Շահումյանի շրջան, Մարտակերտի եւ Մարտունու շրջանների մի մասը), մեղավորությունը հավասարապես դնել հայկական եւ ադրբեջանական կողմերի վրա: Այդ մասին ասվում է ԼՂՀ ԱԳՆ Միջազգայիյն ճգնաժամային խմբի «Լեռնային Ղարաբաղ. պատերամի ռիսկը» զեկույցի մեկնաբանության մեջ:

Ըստ Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչության, ՄՃԽ զեկույցը հրապարակվել է պրահյան գործընթացի ակնհայտ «տեղապտույտի» շրջանում եւ հետապնդում է հետեւյալ նպատակները` առանց ԼՂՀ մասնակցության հասնել Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից շրջանակային սկզբունքների ստորագրությանը չնայած առանցքային հարցերի շուրջ գոյություն ունեցող տարաձայնություններին, համոզել հակամարտության կողմերին, առաջին հերթին Հայաստանին եւ ԼՂՀ-ին, որ նման որոշման այլընտրանքը անխուսափելի պատերազմն է, ԵԱՀԿ Մինսկի խմբի կարգավորման պլանը ներկայացնել որպես միակ, փոխզիջումային եւ այլընտրանք չունեցող լուծում:

Լուրջ հավակնություններով զեկույցի մեջ միտումնավոր անտեսվել են շատ կարեւոր հարցեր, ԼՂՀ մոտեցումներն ու նպատակները ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ: Հեռավոր ապագայում ԼՂՀ-ին կարգավիճակ տրամադրելու հնարավորության գաղափարը ՄՃԽ-ն ներկայացնում է որպես դրական գործոն եւ զիջում Լեռնային Ղարաբաղին, ընդ որում անտեսելով այն փաստը, որ ԼՂՀ անկախ պետական կարգավիճակն արդեն որոշված է, ինչպես նաեւ այն, որ կարգավիճակի որոշումը բացառապես ԼՂՀ ժողովրդի իրավունքն է: Հատկանշական է, որ Կոսովոյի վերաբերյալ ՄՃԽ զեկույցում («Ելք փակուղուց` Եվրոպայի պատասխանատվությունը» 21 օգոստոսի 2007թ.) հեղինակները նշում են, որ ցանկացած տարբերակ, որը երկրամասին անկախություն տրամադրելու հետաձգում է նախատեսում Կոսովոյում «կդիտարկվի որպես դավաճանություն ժողովրդի սպասումներին»:

Լեռնային Ղարաբաղին վերաբերող ՄՃԽ զեկույցում անտեսվում են այն տրամաբանությունը եւ սկզբունքերը, որոնք կիրառվում են Կոսովոյի կարգավորման դեպքում: Կոսովոյին վերաբերող ՄՃԽ զեկույցներում հստակորեն ընդգծվում է Կոսովոյի անկախության ճանաչման անհրաժեշտությունը: ԼՂՀ համար հետաքրքրություն են ներկայացնում Կոսովոյին անկախություն տրամադրելու հիմնավորումները` հակամարտությունը առանց այն էլ շատ է ձգձգվել, եւ ոչ մի իմաստ չունի սպասել, երբ կողմերը նույնիսկ չեն կարողանում մերձենալ փոխզիջումներին: Կոսովոյի կարգավիճակի հարցը անհետաձգելի է, եւ Կոսովոյի անկախության ճանաչումը լավագույն ելքն է հակամարտության հետագա խորացումը կանխարգելելու համար: Իրավիճակի նման գնահատականը եւ փաստարկները միանգամայն կարելի է վերագրել նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը: Զեկույցում հատուկ ուշադրություն է հատկացվել մարտական գործողությունների վերսկսման հավանականությանը: Գիտակցելով, որ հակամարտության գոտում հաստատված խաղաղության հիմնական սպառնալիքը Ադրբեջանն է, այնուամենայնիվ, զեկույցի հեղինակները առաջարկում են իրավիճակի լիցքաթափման համար միակողմանի զիջումներ ԼՂՀ կողմից` զորքերի դուրսբերում մի շարք տարածքներից եւ համաձայնություն հետաձգված հանրաքվեի գաղափարին: Ընդ որում, զեկույցի խաղաղարարության հավակնող հեղինակների կարծիքով, հանրաքվեի անցկացման վերաբերյալ ձեւակերպումները պետք է այնպիսին լինեն, որ «Բաքվին անվտանգության զգացողություն տան առ այն, որ այն անպայման չի ավարտվի Ղարաբաղի անջատումով», իսկ Հայաստանին` «որոշ հիմքեր հավատալու, որ Ղարաբաղի անկախությունը իրական հնարավորություն է»: Հեղինակների նման առաջարկությունը վկայում է այն մասին, որ նրանք չեն գիտակցում այն պատասխանատվությունը, որ դրված է միջնորդական առաքելության մեջ ներգրավվելու ցանկություն ունեցող անձերի եւ կառույցների վրա: Ի վնաս ԼՂՀ անվտանգության եւ առճակատումը կասեցնելու մեխանիզմների բացակայության պայմաններում բանակցային գործընթացն արագացնելու ՄՃԽ առաջարկությունը կարող է հակամարտության հետագա ուժգնացման պատճառ դառնալ: Ուզում ենք հուսալ, որ ՄՃԽ-ն ջանքեր կգործադրի ճգնաժամերի կանխման, այլ ոչ թե դրանց ուժգնացման համար: