Մահացել է Արմեն Թութունջյանը՝ Չիկոն

Մահացել է Արմեն Թութունջյանը՝ Չիկոն

PanARMENIAN.Net - Հունիսի 8-ին մահացել է ջազային երաժիշտ՝ «Չիկոն և ընկերները» ջազային խմբի գեղարվեստական ղեկավար, թմբկահար, հեռուստահաղորդավար Արմեն Թութունջյանը՝ Չիկոն։ Այս մասին հայտնում է Armradio-ն:

Նա արվեստի վաստակավոր գործիչ էր, Երևանի պետական կոնսերվատորիայի դոցենտ, Հայաստանում հարվածային գործիքներ նվագելու ակադեմիական ուսուցանման հիմնադիրը։

Արմեն Թութունջյանը 1986-1992 թթ. նվագել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում: 1994 թ. ԱՄՆ-ի պետդեպարտամենտի «Open competition» մրցույթի ժամանակ ճանաչվել է հաղթող։

1992 թ. նա մի խումբ երիտասարդ երաժիշտների հետ ստեղծել է «Չիկոն և ընկերները» խումբը, որտեղ նվագել են Հանրապետության մի շարք հայտնի ջազային երաժիշտներ։

1996 թ-ից «Հայ FM» ռադիոկայանով վարել է «Սիրված երգիչներ» և «Ջազ» հաղորդումները։ 1998 թ-ից վարում է «Ջազի ժամ» հաղորդումը նախ՝ «Ա1+», «Նոր ալիք», «Արարատ», 2011 թ-ից՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ։

2008 թ. Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է Հատուկ մրցանակի՝ «Ջազի ժամ» հաղորդաշարի համար։ 2008 թ. ՀՀ Նախագահի հրամանգրով նրան շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը: 2009 թ-ից Վահագն Հայրապետյանի եռյակի և քառյակի թմբկահարն է։ 2011 թ. լույս է տեսել նրա թմբկահարների առաջին հայերեն լեզվով «Ռիթմ և շարժում» ձեռնարկը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---