9 հունիսի 2017 - 13:32 AMT
Հակակոռուպցիոն օրինագծում փոփոխություններ են արվել

Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի և կառավարության համատեղ ներկայացրած «Կոռուպցիայի կանխարգելիչ հանձնաժողովի մասին» և կից ներկայացված հարակից օրենքների նախագիծը:

Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է պատգամավորների առաջարկությունների հիման վրա նախագծում արված փոփոխությունները, գրում է Panorama.am-ը:

Նա նշել է, որ շատ կարևոր փոփոխություն է կատարվել «Դատախազության մասին» օրենքում, ըստ որի դատախազությունը պետք է ամեն տարի առանձին ներկայացնի կոնկրետ կուռուպցիայի հետ կապված հանցագործությունների վերաբերյալ եզրահանգումներ, վերլուծություն:

ԵԼՔ խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանն ասել է, որ այս օրենքն այն հնարավորությունն է, որ ունեն և կարող են օգտագործել:

«Ընդդիմության ձեռքի մեխանիզմ է»,- հավելել է նա:

Հունիսի 8-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ պատգամավորների ձայների բացարձակ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 0 դեմ և ձեռնպահ, ընդունվել է Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի մասին օրինագիծն ու կից ներկայացված օրինագծերի փաթեթը: