9 հունիսի 2017 - 13:56 AMT
10-րդ ԴիջիԹեք-ը մեկնարկել է. ՏՏ լուծումներ, արհեստական ինտելեկտի զարգացումը ՀՀ-ում

Հունիսի 9-ին մեկնարկել է 10-րդ հոբելյանական ԴիջիԹեք բիզնես ֆորումը: ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը ողջունեց միջոցառման հյուրերին և ներկայացրեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ողջույնի խոսքը:

Վարչապետի ուղերձում մասնավորապես նշվում է. «Չափազանց մեծ է ԴիջիԹեք բիզնես ֆորումի դերը, որը 2008 թ-ից ի վեր հիանալի հարթակ է ՏՏ ընկերությունների համար՝ մասնակցելու Հայաստանի տնտեսության զարգացման գործում: Այս տարի ևս ակնկալվում է այստեղ գտնել «Խելացի լուծումներ խելացի բիզնեսի համար»:

Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology and Services Alliance - WITSA) նախագահ Իվոն Չիուն, միևնույն կառույցի գլխավոր քարտուղար Ջեյմս Պոյզանթը: Միջոցառմանը կմասնակցեն նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, ՏՏ և բիզնեսի այլ ճյուղերի ներկայացուցիչներ:

Բիզնես ֆորումի օրակարգի առաջին թեման 2019 թ-ին Երևանում WITSA-ի կողմից կազմակերպվող ՏՏ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies - WCIT) նախապատրաստական աշխատանքների մեկնարկն էր:

Մաևտիկա ընկերության ներկայացուցիչ Հայկուհի Տաքսիլդարյանը ներկայացրել է WCIT 2019-ի բրենդինգը: Գործարկվեց նաև wcit2019.org ու ցուցադրվեց WCIT 2019-ի հոլովակը: WCIT 2019-ը կանցկացվի 2019 թ. հոկտեմբերի 3-6-ը՝ «Վերաիմաստավորել կենտրոնը» (Rethinking the center) խորագրի ներքո: Համաժողովի և խորագրի հիմքում ընկած են 4 կարևոր թեմաներ. կրթություն, ապակենտրոնացում, մարդասիրություն և Հայաստանը որպես աշխարհի ՏՏ առաջընթացի այլ աղբյուր կամ կենտրոն:

Հենց այս նպատակով է, որ ԻՏՁՄ-ն ծրագրում է ինժեներական կրթության հնարավորություններ ստեղծել ՀՀ բոլոր դպրոցականների համար և ներդնել «Արմաթ» խմբակներ յուրաքանչյուր դպրոցում:

Բիզնես ֆորումի օրակարգային մյուս թեմաներն են. ՏՏ լուծումներ` Հայաստանում տուրիզմը խթանելու նպատակով, ՓՄՁ-ների գործունեության արդյունավետության բարձրացում ՏՏ լուծումների միջոցով, տեխնոլոգիական ոլորտի և ՀՀ ԶՈւ համագործակցության խնդիրներ և ձևաչափեր, տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար, կիբերանվտանգության ազգային ստանդարտի մշակում, Հայմեփ. համահայկական ներուժի ցանց, վերականգնվող էներգիա և բնապահպանություն, պետական համակարգերի կառավարում, արհեստական ինտելեկտի զարգացումը Հայաստանում և կիրառումը բիզնեսում:

«Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող ԴիջիԹեք բիզնես ֆորումը Հայաստանում անցկացվող B2B ֆորմատի միակ միջոցառումն է: Այն արդյունավետ հարթակ է ՏՏ ոլորտի, բիզնեսի այլ ճյուղերի և կառավարության հետ երկխոսության համար: Միջոցառման նպատակն է նպաստել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում:

Ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը 2008թ-ից իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Այս տարի բիզնես ֆորումի գործընկերն է Microsoft ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը:

ՏՏ Համաշխարհային համաժողովը (WCIT) WITSA-ի կողմից անցկացվում է 1978 թ-ից: WITSA-ն ներկայացնում է աշխարհի ՏՀՏ ինդուստրիայի 90 տոկոսը: ԻՏՁՄ-ն անդամակցում է WITSA-ին 2004 թ-ից: Դեռևս 2014 թ-ին ԻՏՁՄ-ն Մեքսիկայում անցկացվող WCIT 2014-ի շրջանակում մասնակցության հայտ է ներկայացրել և շահել 2019-ին ՏՏ համաշխարհային համաժողովը Հայաստանում անցկացնելու իրավունքը: Իսկ 2015 թ. ՀՀ կառավարության հետ համատեղ ստորագրվել է համապատասխան համաձայնագիր: ՏՏ Համաշխարհային համաժողովին մասնակցում են ՏՏ ոլորտի պետական հատվածի բարձրաստիճան պաշտոնյաներ, վերազգային կազմակերպությունների, համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների ղեկավարներ, հասարակական կառույցների ներկայացուցիչներ: 2019-ին Հայաստանում սպասվում են միջազգային ՏՀՏ ոլորտի շուրջ 2000 հյուրեր: