Մարզիչ. Չեռնոգորիան շատ ուժեղ մրցակից է, դժվար խաղ է սպասվում

Մարզիչ. Չեռնոգորիան շատ ուժեղ մրցակից է, դժվար խաղ է սպասվում

PanARMENIAN.Net - Հունիսի 9-ին Պոդգորիցա քաղաքի «Գրադսկի» մարզադաշտի սրահում կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի և կիսապաշտպան Արտակ Գրիգորյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

«Չեռնոգորիան շատ ուժեղ մրցակից է։ Շատ դժվար խաղ է սպասվում: Իհարկե ուսումնասիրել ենք մրցակցին։ Երեք անընդմեջ պարտությունից հետո թիմը վերականգնվելու խնդիր ունի և կրկնում եմ, որ շատ դժվար խաղ է լինելու։ Կփորձենք ամեն ինչ անել հաղթանակի համար», - ասել է մարզիչը, մեջբերում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան:

Պետրոսյանը հավելել է. «Մեզ համար ցանկացած խաղում հաղթանակն է կարևոր։ Մենք խաղալու ենք հաղթանակի համար։ Թե ոնց կստացվի, կտեսնենք խացից հետո։

Իմ կարծիքով այս տասն օրերի ընթացքում բավականին լավ աշխատանք կատարեցինք։ Թիմը պատրաստ է վաղվա խաղին»:

Հարցին, թե արդյոք կարծում է, որ երեք անընդմեջ հաղթականերից հետո, ունենալու ենք հոգեբանական առավելություն, մարզիչը պատասխանել է.

«Կարծում եմ, այո։ Չեռնոգորիայի հավաքականի նկատմամբ ճնշումն ահռելի է։ Մենք գիտենք այդ մասին, քանի որ կարդացել ենք Չեռնոգորիայի մամուլը։ Իհարկե ցանկացած հաղթանակ վստահություն է ներշնչում, այսինքն ավելացնում է հավատը սեփական ուժերի նկատմամբ։

Անհատապես չենք խաղալու, ֆուտբոլը թիմային խաղ է։ Եթե դիրքային պայքարում ճիշտ խաղանք, փոխօգնությունը ժամանակին լինի, ապա կարող ենք չեզոքացնել վտանգը։

Կարծում եմ, եթե ինքնավստահություն չունես, ուրեմն ֆուտբոլում գործ չունես։ Նորից կրկնեմ, ես պետք է թիմ պատրաստեմ և եթե պարտություններից հետո մարզիչը կորցնում է ինքնավստահությունը, ապա այդ մարզչի համար շատ դժվար կլինի հաջողակ լինել։ Ես չեմ կարծում, որ մի պարտությունով ինքնավստահությունս կորցնելու եմ։ Կարևոր է, որ ինքնավստահությունը չվերածվի գոռոզության և հուսով եմ, որ իմ հետ այդպես չի պատահի», - ասել է Պետրոսյանը։

Հարցին, թե առանց Հենրիխ Մխիթարյանի թիմը չի վաստակել ոչ մի միավոր, իսկ նրա վերադարձից հետո, հաղթել է երկու խաղում, արդյոք թիմի խաղը կախված է Հենրիխ Մխիթարյանից, մարզիչն ասել է.

«Չեմ կարծում որ խաղը կախված է միայն Հենրիխ Մխիթարյանից։ Կարծում եմ, այդ պարտությունները հոգեբանական բնույթ ունեին։ Հենրիխը մեր համար շատ կարևոր ֆուտբոլիստ է, բայց եթե չլինեն մյուս տասը, ինչպես ասում են «մեկը դաշտում զինվոր չէ»։ Հենրիխը պետք է թիմին, իսկ թիմը` Հենրիխին»:

Հունիսի 10-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին՝ Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայի «Գրադսկի» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը: Անմիջապես հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը կվերադառնան Հայաստան:

Կրադացեք նաև՝ Իբրահիմովիչը հեռացել է «Մանչեսթեր Յունայթեդից»

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---