«Ոչխարների խուզման» փառատոնին ավելի քան 2000 մարդ է մասնակցել

«Ոչխարների խուզման» փառատոնին ավելի քան 2000 մարդ է մասնակցել

PanARMENIAN.Net - Հունիսի 10-ին Սյունիքի մարզի Տաթև համայնքում գտնվող Սյունիքի Անասնաշուկայի տարածքում անցկացվել է «Ոչխարների խուզման» երրորդ փառատոնը։

Ընդհանուր առմամբ, փառատոնին մասնակցել է 2000 մարդ: Փառատոնի նպատակն է առավել ճանաչելի դարձնել Վայոց Ձորի և Սյունիքի ավանդույթներն ու մշակույթը, մարզերի տեղական արտադրանքը, ինչպես նաև նպաստել տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը:

««Ոչխարների խուզում» փառատոնը վերածվում է ավանդական միջոցառման: Փառատոնը համայնքային կյանքն աշխուժացնելու, մոռացված ավանդույթները վերհիշելու ու մարզերի տեղական արտադրանքը զբոսաշրջիկներին ներկայացնելու հնարավորություն է տալիս։ Ուրախալի է, որ շատ զբոսաշրջային ընկերություններ փառատոնը ներառում են իրենց առաջարկներում։ Սա վկայում է այն մասին, որ այս միջոցառման նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի մեծանում է», - ասել է IDeA հիմնադրամի տնօրեն Էդգար Մանուկյանը:

Փառատոնն այս տարի ընդգրկում էր ոչխարների խուզման մրցույթ, ազգային կենդանի երաժշտություն, պար, լարախաղաց, սպորտային միջոցառումներ, ցուցահանդես-վաճառք, որտեղ իրենց արտադրանքը ներկայացրին Վայոց Ձորի և Սյունիքի համայնքների արտադրողները: Փառատոնի հյուրերը հնարավորություն ունեցան օգտվելու տեղում կազմակերպված սննդի տաղավարներից՝ համտեսելով հայկական ավանդական ճաշատեսակներ:

«2008թ. սկսած Ռազմավարական Զարգացման Գործակալությունը, Շվեյցարիայի կառավարության ֆինանսավորմամբ իրականացնում է «Անասնապահական Զարգացման» ծրագիր Սյունիքի, իսկ 2014թ.-ից՝ նաև Վայոց Ձորի մարզում։ Ծրագրի շրջանակներում իրականացվում են մի շարք միջոցառումներ՝ ուղղված ֆերմերների գիտելիքների և կարողությունների զարգացմանը, ինչպես նաև համայնքային արոտավայրերի կառավարման արդյունավետության բարձրացմանը:

Այս համատեքստում կարևորում ենք փառատոնիկազմակերպումը, որը հնարավորություն է ընձեռում մեր շահառու համայնքներին ներկայացնել իրենց արտադրանքը, շփվել միմյանց հետ և բարձրացնել իրենց մարզի զբոսաշրջային գրավչությունը», - նշել է «Անասնապահական Զարգացման» ծրագրի ղեկավար Կարինա Հարությունանը:

Փառատոնը կազմակերպել էր «Ռազմավարական զարգացման գործակալություն» hասարակական կազմակերպությունը՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համաֆինանսավորմամբ։

«Ոչխարների խուզում» երկրորդ փառատոնն անցկացվել էր 2015թ․-ին՝ Տաթևի Հալիձոր կայանում։ Դրան մասնակցել էր ավելի քան 3000 մարդ, այդ թվում ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Իսպանիայից, Բելգիայից։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---