12 հունիսի 2017 - 16:31 AMT
Կրթական ծրագիր. Սմարթ սենյակների ստեղծում, անգլերենի խորացված ուսուցում, ճաշարանների նորոգում

ՀՀ ԿԳՆ-ն և «Հայաստանի մանուկներ հիմնադրամը» համագործակցության հուշագիր են ստորագրել: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել է է, որ մարզերում օտար լեզուների դասավանդման խնդիր կա, ևհենց հիմնադրամի միջոցով էլ պետք է այս խնդիր լուծել:

Մկրտչյանը նշել է նաև, որ, ըստ հուշագրի, նախատեսվում է տեխնոլոգիապես հագեցած դասասենյակների` սմարթ սենյակների ստեղծում, դպրոցական ճաշարանների վերանորոգում, արտադասարանային նախաձեռնությունների խրախուսում, այսինքն` արվեստներ և արհեստներ, սպորտ, անգլերենի ուսուցում:

«Հիմնադրամը մեր կրթական մակարդակը տանում է միջազգային ճանաչման: Սա մտադրությունների հուշագիր է, որը, մի կողմից, ամրագրում է իրենց ուղենիշները, մյուս կողմից` մենք պետք է փորձենք մի քանի ուղղություններով օգտագործել հիմնադրամի փորձը: Օրինակ` կփորձենք օգտագործել նրանց ներուժը` որոշակի մասնագետներ հրավիրելով Հայաստան», - ասել է նախարարը:

Նա հավելել է. «Հիմնադրամը Լոռու մարզի Դեբետ համայնքում Սմարթ կենտրոն է կառուցում, և հույս ունեմ` շուտով կենտրոնի բացումը կանենք: Հիմնադրամի աշխատանքը շատ մեծ է ոչ միայն կրթության, այլ նաև այլ ասպարեզներում, այն նպաստում է Հայաստանի վարկանիշի բարձրացմանը»:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում մեդիագրագիտության կարևորման ու տարածման ուղղությամբ համագործակցության մասին: