Խոզի բջիջներով Պարկինսոնի հիվանդության բուժման տեխնոլոգիա է մշակվում

Խոզի բջիջներով Պարկինսոնի հիվանդության բուժման տեխնոլոգիա է մշակվում

PanARMENIAN.Net - Ավստրալա-նորզելանդական Living Cell Technologies (LCT) ընկերությունը, որը մշակում է խոզի բջիջներով Պարկինսոնի հիվանդության բուժման տեխնոլոգիան, պատմել է New Scientist-ին 4 հիվանդի վրա կլինիկական փորձարկումների հաջողության և հետազոտությունների հաջորդ փուլի մեկնարկի մասին:

Մշակված տեխնոլոգիան թույլ է տալիս մարդկանց փոխպատվաստել կենդանիների բջիջներ առանց ընդունող օրգանիզմի կողմից մերժման ռիսկի: Այդ նպատակով բջիջները տեղադրում են ալգինատից պատրաստված կապսուլի մեջ (ալգինատը ջրիմուռներից պատրաստված նյութ, որը բացառում է մարդու իմունիտետի շփումը իմպլանտի հետ, սակայն թափանցիկ է սննդանյութի և սիգնալային մոլեկուլների համար), գրում է N+1-ը:

Կլինիկական փորձարկումների I/IIa փուլի շրջանակում, երբ առաջին հերթին գնահատվում է տեխնոլոգիայի անվտանգությունը, Պարկինսոնի հիվանդությամբ տառապող 4 հիվանդի փոխպատվաստել են նորածին խոզերի բջիջներով 40 ալգինատային կապսուլ յուրաքանչյուրին՝ ուղեղի համապատասխան կիսագնդում:

Հիվանդների վիճակը վիրահատությունից առաջ և վիրահատությունից հետո 130 շաբաթվա ընթացքում, գնահատվել է Պարկինսոնի հիվանդության ունիվերսալ սանդղակով՝ UPDRS: Լրացուցիչ դեղորայքային բուժում չի անցկացվել: Պարզվել է, որ փորձարարական բուժումը ոչ միայն բարդություններ չի առաջացրել, այլ նաև նկատելի բարելավում է խթանել 4 հիվանդի մոտ, որը պահպանվել է դիտարկումների ամբողջ ընթացքում: Ախտանիշերի դրսևորումը միջինը նվազել է 14 միավորով ըստ 199-միավորանոց սանդղակի:

2017-ի մայիսին սկսվել է փորձարկումների հաջորդ փուլը, որին մասնակցել է 18 հիվանդ, որոնց մի մասին բջիջներով 120 կապսուլ են փոխպատվաստել ուղեղի 2 կիսագնդում, իսկ մյուսներին, փոխպատվաստում է արվել առանց կապսուլների: Փորձարկումնների առաջին արդյունքները հայտնի կդառնան 2017-ի նոյեմբերին:

Ըստ գիտնականների, հաջողության դեպքում, տեխնոլոգիան հնարավոր կլինի փորձարկել նաև այլ նյարդադեգեներատիկվ հիվանդություններով, օրինակ, Ալցհեյմերի հիվանդությամբ տառապողներին օգնելու համար:

Պարկինսոնյան հիվանդությունը դողացող լուծանք է, կենտրոնական նյարդային համակարգի քրոնիկական առաջադիմող հիվանդություն, բնորոշվում է շարժողական ֆունկցիաների խանգարմամբ։ Առաջինը նկարագրել է անգլիացի բժիշկ Ջ․ Պարկինսոնը (J․ Parkinson), 1817 թվականին։ Նյարդային համակարգի առավել տարածված հիվանդություններից է։ Հաճախ հիվանդանում են տարեց տղամարդիկ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---