13 հունիսի 2017 - 11:14 AMT
ԶԼՄ-ներ. Իսրայելի ՀԾ-ն իմացել է՝ ԻՊ-ն ինքնաթիռներում ահաբեկչություններ է պատրաստում

Իսրայելի հատուկ ծառայությունների աշխատակիցներին հաջողվել է տեղեկություն ստանալ այն մասին, որ «Իսլամական պետությունը» մտադիր է ահաբեկչություն գործել ինքնաթիռներում նոութբուքի միջոցով: Այդպիսի ծրագրերի մասին, ըստ The New York Times, Իսրայելի հատուկ ծառայություններն իմացել են, ներթափանցելով ԻՊ սիրիական օղակներից մեկի համացանցը: Ահաբեկիչները քննարկել են, թե ինչպես այնպիսի պայթուցիկ պատրաստել, որ օդանավակայանների սարքավորումները չտարբերակեն, և մտադիր էին ռումբը քողարկել նոութբուքերի մարտկոցների միջոցով, հայտնում է Meduza-ն:

Իսրայելն օպերատիվ տվյալները փոխանցել է ԱՄՆ-ին: Ըստ պարբերականի, հենց այդ տեղեկությունն էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին:

Մայիսի կեսին հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Թրամփն ինչ-որ գաղտնի տեղեկություն է հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին: Ավելի ուշ պարզվեց, որ խոսքը ԻՊ ահաբեկիչների պլանների մասին էր, որոնք մտադիր են պայթյուն կազմակերպել որևէ ինքնաթիռում: Իսրայելն այն ժամանակ կտրուկ բացասաբար արձագանքեց տեղեկությունը ՌԴ-ին հայտնելուն:

Երբ 2017-ի մարտին որոշ չվերթներում նոութբուքերի արգելք սահմանվեց, ենթադրություններ հնչեցին, որ դա կապված է այդ սարքերն ահաբեկչության համար օգտագործելու հավանականության հետ: