13 հունիսի 2017 - 11:33 AMT
Forbes. Քոմբսը, Բեյոնսեն, Ռոուլինգը՝ ամենաբարձր վարձատրվող հայտնիները

Ամերիկացի ռեփ կատարող Շոն Քոմբսը, առավել հայտնի որպես Diddy, գլխավորել է ամենաբարձր վարձատրվող հայտնիների ցանկն ըստ ամերիկյան Forbes ամսագրի:

2016-ի հունիսից ռեփերը վաստակել է 130 մլն դոլար, չհաշված հարկերը:

Երկրորդ հորիզոնականում է երգչուհի Բեյոնսեն՝ նրա եկամուտները հանդեսը գնահատում է 105 մլն դոլար: Եվ առաջատարների եռյակը եզրափակում է գրող Ջոան Ռոուլինգը՝ Հարրի Փոթերի մասին վեպերի հեղինակը, տարեկան 95 մլն դոլար եկամուտով:

Ցանկի հաջորդ հորիզոնականներում են կանադացի ռեփեր Դրեյքը 94 մլն դոլար տարեկան եկամուտով և Մադրիդի «Ռեալ» ակումբի և Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն, որը մեկ միլիոնով պակաս է վաստակել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ընդհանուր առմամբ աշխարհի 100 ամենաբարձր վարձատրվող հայտնի անձանց եկամուտները կազմել են 5.15 մլրդ դոլար առանց հարկերի: