4 դեկտեմբերի 2007 - 16:13 AMT
ՀՀ տարածաշրջանային քաղաքականության գլխավոր նպատակն է` թույլ չտալ բաժանարար գծեր տարածաշրջանում
«Վրաստանը պաշտոնապես հայտարարել է ՆԱՏՕ մտնելու իր մտադրության մասին: Ադրբեջանի նմանատիպ հայտարարության մասին ես չեմ լսել: Սակայն դա էական չէ»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում կայացնում այս կամ այն անվտանգության դաշինք մուտք գործելու մասին, անկախ նպատակներից եւ շահերից: «Հաշվի առնելով հայ-ռուսական ռազմավարական գործըկերությունը, այդ թվում պաշտպանության ասպարեզում, մեզ համար առավել պրակտիկ նշանակություն ունի մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում: Միեւնույն ժամանակ, մենք շարունակում ենք խորացնել մեր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, ինչը լրացնում է անվտանգության մեր համակարգը: Հայաստանի տարածաշրջանային քաղաքականության գլխավոր նպատակն է` թույլ չտալ բաժանարար գծեր տարածաշրջանում: Մենք ելնում ենք բոլոր կողմերի շահերից, եւ ես գտնում եմ, որ խորհրդատվությունների միջոցով մենք պետք է հասնենք նրան, որ անգամ անվտանգության տարբեր դաշինքներին պատկանելով թույլ չտանք տարածաշրջանում բաժանարար գծերի առաջացումը»,- հայտարարել է Վարդան Օսկանյանը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում: