13 հունիսի 2017 - 16:17 AMT
Անկարայի քաղաքապետ. Թուրքիայի ափերի մոտի երկրաշարժը կարող է արհեստական լինել

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի քաղաքապետ Մելիխ Գյոկչեկը կարծում է, որ Էգեյան ծովում տեղի ունեցած հզոր երկրաշարժը կարող էր դրսից հրահրված լինել և հարկավոր է հետաքննել դրա պատճառները:

Հունիսի 12-ին 7-8 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիա-Հունաստան սահմանին: Մագնիտուդը եղել է 6,3 բալ: Ստորգետնյա ցնցումները զգացվել են ինչպես թուրքական, այնպես էլ հունական տարածքում: Հունաստանի Լեսբոս կղզում մեկ կին է մահացել:

«Կարծում եմ, երկրաշարժը կարող է արհեստական ծագում ունենալ: Չեմ ասում, թե դա հստակ այդպես է, բայց կա դրա շատ լուրջ հավանականություն»,-գրել է Գյոկչեկը Twitter-ի իր միկրոբլոգում:

Ընդ որում թուրք պաշտոնյան պահանջել է մանրակրկիտ կերպով հետաքննել երկրաշարժի պատճառները և պարզել, թե որ երկրներին են պատկանում սեյսմահետախուզական նավերը, որոնք տարերքի էպիկենտրոնում են եղել, գրում է RG.ru-ն:

«Ամեն ինչ պետք է մանրակրկիտ հետաքննել: Եղե՞լ են սեյսմահետախուզական նավեր էպիկենտրոնի հարևանությամբ, եթե այո, ապա՝ ո՞ր երկրների»,-ասել է Անկարայի քաղաքապետը:

Գյոկչեկի մոտ նախկինում ևս նկատվել է բնական աղետները Թուրքիայի դեմ օտարերկրյա դավադրությունների հետ կապելու հակում: 2017-ի փետրվարին նա հայտարարեց, թե Չանաքքալե գավառում տեղի ունեցած երկրաշարժն արհեստական ծագում է ունեցել և դրա նպատակն էր քայքայել Թուրքիայի տնտեսությունը: