ԱԺ նախագահ. ՀՀ-ն մտադիր է ավելացնել ՆԱՏՕ-ի հետ գործակցության տեմպը

ԱԺ նախագահ. ՀՀ-ն մտադիր է ավելացնել ՆԱՏՕ-ի հետ գործակցության տեմպը

PanARMENIAN.Net - Հայաստանը մտադիր է ավելացնել ՆԱՏՕ-ի հետ իր համագործակցության ներկայիս տեմպը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստան-ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողությունների» ծրագրի իրականացմանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի մասնակցությամբ միջազգային խաղաղապահ գործողություններում իր ներգրավվածությանը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի հետ հանդիպմանը:

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանի մասնակցությունը «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին գնահատվում է իբրև մեր երկրի բազմաշերտ անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչ: Այս համատեքստում Արա Բաբլոյանը կարևորել է Հայաստանի մասնակցությունը Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղապահ գործողություններին և նշել. «Խաղաղապահ գործողությունների շնորհիվ մեր կարևոր ներդրումն ենք ունենում միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման գործում՝ անվտանգություն սպառողից վերածվելով անվտանգություն արտադրողի»:

Արա Բաբլոյանը կարևորել է խորհրդարանական համագործակցության ձևաչափը և նշել, որ 2002 թվականին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ասոցացված անդամ դառնալուց ի վեր ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցել է կազմակերպության աշխատանքներին. մեր երկրում երեք անգամ անցկացվել է Ռոուզ-Ռոթ սեմինարը և տեղի են ունեցել ՆԱՏՕ ԽՎ-ի հանձնաժողովների այցեր:

ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի և ՆԱՏՕ ԽՎ-ի ծրագրերին Հայաստանի մասնակցությունը կնպաստի մեր երկրում կայուն առաջընթացին, ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին: Այս համատեքստում Արա Բաբլոյանն արձանագրել է, որ Հայաստանն այսօր այնպիսի պետություն է, որը ոչ միայն աշխարհի համար որևէ խնդիր չի ստեղծում, այլև ակտիվորեն մասնակցում է աշխարհում խաղաղության ապահովմանն ուղղված գործընթացներին, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայն իր հերթին ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները գնահատել է որպես վստահելի և հուսալի հարաբերություններ, որոնք, անշեղորեն առաջ ընթանալով, բավարարում են երկու կողմերին: Պարոն Ապատուրայն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանին ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար:

Ջեյմս Ապատուրայը կարևորել է հասարակության և խորհրդարանի ցանկությունը ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը շարունակելու ու զարգացնելու գործում և նշել, որ առաջիկայում կլինեն Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող նոր ծրագրեր:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը ևս ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի ղեկավարած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են աղետների ռիսկի նվազեցման, երկրի դիմակայունության և քաղաքացիական ենթակառուցվածքների պատրաստվածության մակարդակի բարձրացման ուղղություններով Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընդլայնումը «Անհատական գործընկերության գործողությունների» (ԱԳԳԾ) ծրագրի շրջանակում:

Կողմերը քննարկել են հնարավոր համագործակցությունը կրթական ոլորոտւմ՝ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հարթակում. քաղաքացիական պատրաստվածության մակարդակի բարձրացման համար նախատեսվում է տարբեր ծրագրերի միջոցով աղետների արձագանքման ուժերի մասնագիտական գիտելիքների, հմտությունների ու կարողությունների բարելավում, փորձի փոխանակում, փրկարարների վերապատրաստում, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը Ջեյմս Ապատուրայը վերահաստատել էր ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Դաշինքի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---