6 դեկտեմբերի 2007 - 13:49 AMT
ԱՄՆ-ն կարո՞ղ է սկսել ՔԱԿ-ի հենակետերի ռմբակոծությունը
Եթե Իրաքի քրդերը չցանկանան օգնել ԱՄՆ-ին Քրդական աշխատավորական կուսակցության` ՔԱԿ-ի դեմ պայքարում, որը ԱՄՆ պետդեպարտամենտը համարել է ահաբեկչական կազմակերպություն, ապա ԱՄՆ-ն ստիպված կլինի ինքնուրույն ռմբակոծել քուրդ գրոհայինների հենակետերը: Այդ մասին հայտարարել է ամերիկացի պրոֆեսոր, Վաշինգտոնի Խաղաղության ինստիտուտի ներկայացուցիչ Ամացիա Բարամը:

Նրա խոսքերով, ԱՄՆ-ն պարտավորություններ ունի Հյուսիսային Քրդստանի կառավարության հետ համագործակցության վերաբերյալ` իրաքա-թուրքական սահմանին ՔԱԿ-ի ներկայությունը վերացնելու նպատակով: «Եթե Իրաքը հրաժարվի ինքնուրույն պայքարել ՔԱԿ-ի դեմ, ԱՄՆ-ն ստիպված կլինի, առնվազն, թույլ տալ թուրքական բանակի սահմանափակ ներխուժում Իրաքի տարածք գործողություններ կատարելու համար»,-ասել է փորձագետը: Ինչ վերաբերում է իրաքյան կառավարությանը Բաղդադում, ապա, ըստ Բարամի, եթե նրանք չեն վերահսկում Բաղդադը, ինչպես կարող են վերահսկել լեռնային Քրդստանը, որը հարյուրավոր մղոններ դեպի հյուսիս է ընկած Բաղդադից, հաղորդում է «Թրենդը»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի կառավարությունը նոյեմբերի 30-ին հաստատել է հակաահաբեկչական գործողության անցկացումը, եւ արդեն մի քանի ժամ անց հրետանին եւ ուղղաթիռները գնդակոծել են քուրդ գրոհայինների դիրքերը: Ավելի ուշ, թուրքական կողմը հաղորդել է, որ գործողության խնդիրները կատարվել են եւ հակառակորդը ծանր կորուստներ է կրել: