15 հունիսի 2017 - 11:37 AMT
Պուտին. Ասադն ինքն էլ է հասկանում իր սխալները

Մոսկվայում հասկանում են, որ Սիրիայի գործող ղեկավարությունը սխալներ է թույլ տվել «երկրի ներսում հարաբերություններ կառուցելիս», սակայն, միևնույն է, չեն ցանկանում, որ Բաշար Ասադը հեռացվի պաշտոնից և սպանվի՝ հակառակ դեպքում «ամբողջ տարածաշրջանը կարող է լիակատար քաոսի մեջ ընկղմվել»: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում:

Պուտինը հիշեցրել է, որ Իրաքում և Լիբիայում ծանր իրավիճակի պատճառը «գործող ռեժիմների ուժային պաշտոնանկությունն էր և դրանց ղեկավարների ոչնչացումը»: Ասադին սատարելու որոշում կայացնելուց առաջ Մոսկվան քննարկել է իրավիճակը նրա հետ և պարզել, որ «նա ինքն էլ է հասկանում, որ շատ խնդիրներ կան»: Ըստ նրա, Սիրիայի նախագահը «ոչ միայն պատրաստ է ընդդիմության հետ երկխոսության, այդ թվում, զինյալ ընդդիմության, այլ նաև պատրաստ է աշխատել նրանց հետ երկրի նոր սահմանադրության վրա, պատրաստ է համաձայնել, որ նախագհի ընտրություններն անցնեն խիստ միջազգային հսկողությմաբ»:

Պուտինը համարում է, որ Սիրիային հաջողվել է առաջընթաց գրանցել, քանի որ զգալի տարածք է ազատագրվել ԻՊ-ից: Նա հատուկ շեշտել է, որ Սիրիայի շատ ցեղեր ու խմբավորումներ, այդ թվում սուննի ցեղերը, հայտարարել են, որ պատրաստ են կռվել ԻՊ դեմ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ռեժիսոր Օլիվեր Սթոունի «Հարցազրույց Պուտինի հետ» » (The Putin Interviews) փաստագրական ֆիլմի առաջին սերիան ցուցադրվել է Showtime հեռուստաալիքով հունիսի 12-ին: