15 հունիսի 2017 - 13:49 AMT
Նախագահը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ է նշանակել

Գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ:

Նախագահականի լրատվական ծառայության հաղրոդմամբ, ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` ՀՀ նախագահը որոշել է գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:

Օնիկ Գասպարյանը ՀՀ ռազմական գործիչ է: 1988-1990 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։ 1990 թվականից մասնակցել է մարտական գործողություններին Իջևանի ջոկատի կազմում։ Ծանր վիրավորվել է ոտքի շրջանում՝ հակահետևակային ականի պայթյունից։ 1993-2010 թթ. եղել է Իջևանի գնդի գումարտակի հրամանատարի տեղակալ, հետախուզության պետ, հրամանատարի մարտական գծով տեղակալ, ապա՝ գնդի հրամանատար։ 2010-2012 թթ.՝ 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ։ 2012 թվականի ապրիլի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի հրամանատար՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով։ 2016 թվականի հուլիսի 7-ին ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։