15 հունիսի 2017 - 15:32 AMT
Եվս 3 ընկերություն ներդրումներ անելու արտոնություն է ստացել

Կառավարությունը որոշել է բավարարել «Սյունիք ֆուդ» ՓԲԸ ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար:

Վարչապետը հետաքրքրվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանից՝ արդյոք սահմանված ժամկետում իրականացվո՞ւմ են այս ձեռնարկություն իր կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Նախարարը զեկուցել է, որ ծրագիրը մի փոքր ուշանում է՝ կապված ոչ թե «Սյունիք ֆուդ»-ի, այլ մատակարարվող սարքավորումների հետ. մատակարարող կազմակերպությունը որոշակի խախտումներ է թույլ տվել, բայց ժամկետային շեղումը շատ չէ:

Գործադիրի համապատասխան որոշումներով «Մեդիկալ հորիզոն» և «Ֆուրնիվուդ» ՍՊԸ-ները ևս կօգտվեն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Դա կխթանի նոր ներդրումային ծրագրերի իրականացումը, աշխատատեղերի ստեղծումը, ներդրումների ներգրավումը, տեղական արտադրությունն ու արտահանումը:

Կառավարության մայիսի 18-ի որոշմամբ՝ «Սահլևս» ՍՊԸ կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: