15 հունիսի 2017 - 18:27 AMT
Բողոքի ակցիա՝ ԱՄՆ դեսպանատան առջև. Բիոլոգիական լաբորատորիաների գործունեությունն է անհանգստացնում

«Հանուն օրենքի» հասարակական շարժման նախաձեռնության անդամներ ներկայացած մի քանի երիտասարդ բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց:

Նրանց անհանգստացրել է ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից ֆինանսավորվող Հայաստանում գործող ռեֆերենս բիոլոգիական լաբորատորիաների գործունեությունը:

«Հայտնի է, որ այդ լաբորատորիաները հետապնդում են ռազմական նպատակներ և գործում են ի շահ Պենտագոնի»,-կարծիք է հայտնել Արման Ղուկասյանը, ով ներկայացել է որպես «Հանուն օրենքի» հասարակական շարժման համակարգող խմբի անդամ:

Ակցիայի մասնակիցների հետ հանդիպման դուրս եկած դեսպանատան ներկայացուցչին միջոցառման կազմակերպիչները ԱՄՆ դեսպանին ուղղված նամակ են փոխանցել, գրում է Panorama.am-ը:

2010 թ-ից ռեֆերենս լաբորատորիաները բացվել են Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Մոլդովայում, Ղազախստանում և Ուզբեկստանում: Կան տեղեկություններ, որ Լաբորատորիաների օժանդակման համար տրամադրվում են խոշոր գումարներ: