20 հունիսի 2017 - 10:08 AMT
Սիրիայում կոալիցիոն ուժերի ավիահարվածի հետևանքով մեկ ընտանիքի 12 անդամ է զոհվել

Սիրիայում ԱՄՆ գլխավորած կոալիցիան նոր ավիահարվածներ է հասցրել Իրաքի հետ սահմանի մոտ գտնվող սիրիական Թել-Շաեր գյուղին: Օդային հարձակման հետևանքով զոհվել է 12 անդամից բաղկացած մեկ ամբողջ ընտանիք, տեղի ԶԼՄ-ներին հղումով հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:

Ամերիկյան օդային հարձակումների և դրա դաշնակիցների հասցրած հարվածների հետևանքով Սիրիայի Ռաքքա և Դեյր-Զոր նահանգներում միայն վերջին մեկ ամսվա ընթացքում զոհվել է ավելի քան 200 խաղաղ բնակիչ:

Մայիսի լույս 6-ի գիշերը Սիրիայում ուժի մեջ է մտել անվտանգության գոտիների մասին հուշագիրը: Փաստաթուղթը ստորագրել են միջսիրիական բանակցությունների մասնակիցներ ՌԴ-ն, Իրանը և Թուրքիան Աստանայում մայիսի 4-ին տեղի ունեցած հանդիպմանը:

Սիրիայի տարածքում, ըստ պայմանավորվածության, 4 գոտի է ստեղծվել, որտեղ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն: