10 դեկտեմբերի 2007 - 16:17 AMT
ԵՄ երկրներից միայն Կիպրոսը մտադիր չէ սատարել Կոսովոյի անկախությանը
Այսօր սպառվում է Կոսովոյի խնդրի լուծման համար միջնորդների «եռյակի» լիազորությունների ժամկետը, եւ Կոսովոյի իշխանությունները հայտարարեցին անկախության մասին հռչակագրի ընդունման վերաբերյալ արեւմտյան կողմնակիցների հետ անհապաղ խորհրդակցություններ սկսելու մասին: Երկրամասի կառավարության ներկայացուցիչ Սքենդեր Հիսենին խոստանում է, որ դա տեղի կունենա «մայիսից շատ ավելի շուտ»: Մինչդեռ, Եվրամիության երկրները հայտարարում են, թե բոլոր անդամները մոտ են դրան, Կիպրոսի բացառությամբ: Ըստ Լյուքսեմբուրգի արտգործնախարարի, «Կիպրոսն այդ հարցում մեծ խնդիրներ ունի»:

ՌԴ ԱԳՆ-ն շարունակում է համոզել գործընկերներին, որ նման ելքը շղթայական ռեակցիա կառաջացնի Բալկաններում եւ այլ երկրներում: «Ես ցանկանում եմ ընդգծել, որ Կոսովոյի անկախության հռչակագիրը եւ նման անկախության ճանաչումը առանց հետեւանք չի մնա»,-հայտարարել է Սերգեյ Լավրովը: Բրիտանիայի նախարար Դեւիդ Միլիբենդը առաջարկում է ավելացնել երկրամասում ՆԱՏՕ-ի համակազմը ալբանցիների եւ սերբերի միջեւ բռնության ցանկացած բռնկում չեզոքացնելու համար, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: