10 դեկտեմբերի 2007 - 18:10 AMT
Ռազմաշունչ հայտարարությունները չեն կարող նպաստել ղարաբաղյան հակամարտության մոտալուտ կարգավորմանը
Ղազախստանը հետեւողականորեն հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորման օգտին: Այդ մասին երկուշաբթի Երեւանում լրագրողներին է հայտարարել Հայաստանում Ղազախստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Երլան Կուբաշեւը: «Ղազախստանը հետեւողականորեն հանդես է գալիս որպես ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ջատագով եւ սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող կարգավորման գործընթացին»,-ասել է Կուբաշեւը:

Նրա խոսքերով, Ղազախսատնը աջակցում է կառուցողական երկխոսությանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, եւ կոչ է արել կողմնակիցներին զերծ մնալ ռազմատենչ հայտարարություններից:

«Ռազմաշունչ հայտարարությունները չեն կարող նպաստել ղարաբաղյան հակամարտության մոտալուտ կարգավորմանը»,-ասել է Կուբաշեւը:

Միեւնույն ժամանակ դիվանագետը կոչ է արել օգտագործել ազգամիջյան եւ միջկրոնական խաղաղության հաստատման գործում Ղազախստանի ունեցած փորձը եւ հրավիրել է բոլոր հակամարտող կողմերին օգտվել այդ հարթակից երկխոսության համար, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: