Ընտրական իրավունքը խոչընդոտելու դեպքով քրգործ է հարուցվել

Ընտրական իրավունքը խոչընդոտելու դեպքով քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - Մայիսի 18-ին թիվ 7 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Վ. Խաչատրյանը ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված գրությամբ հայտնել էր, որ ԵԼՔ դաշինքի վստահված անձի դիմումի հիման վրա կատարվել է մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրությունների 7/51 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ թիվ 7/51 ընտրական տեղամասում անվավեր քվեաթերթիկների փաթեթում կան մի շարք քվեաթերթիկներ, որոնց վրայից անհետացել էր կողմ քվեարկած նշումի թանաքանյութը:

Բոլոր հանգամանքները պարզելուն ուղղված անհրաժեշտ հնարավոր բոլոր քննչական և այլ դատավարական գործողությունները կատարելու նպատակով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազի կողմից հունիսի ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Մայիսի 20-ին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ թիվ 7 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի գրությունը ուղարկվել էր ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժին:

ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները, որոնց վրայից ենթադրաբար անհետացել էր կողմ քվեարկած նշումի թանաքանյութը 37-ն են, որոնցից 15-ը քվեարկված է եղել Հայաստանի հանրապետական կուսակցության, 17-ը՝ ԵԼՔ դաշինքի, իսկ 5-ը՝ «Երկիր ծիրանի» կուսակցության օգտին:

Վիճելի քվեաթերթիկների վրայից կողմ քվեարկած նշումի ջնջման կամ անհետացման մեխանիզմը և հանգամանքները պարզելու նպատակով վարույթն իրականացնող մարմնի կողմից մայիսի 24-ին նշանակվել է դատատեխնիկական և դատաքիմիական համալիր փորձաքննություն:

Փորձագետի՝ եզրակացության համաձայն. «Փորձաքննությանը ներկայացված քվեաթերթիկների մակերեսներին առկա «V»- ձև նշանների և գրառումների ուրվագծերը կատարվել են գրող գործիքի միջոցով, սակայն դրանց հետագա անհետացման պատճառների պարզաբանման, ներկանյութի բաղադրության վերաբերյալ գիտական հիմնավորված մեթոդներ ու գրականություն ՀՀ ոստիկանության ՓՔ վարչությունում առկա չեն, ուստի առաջադրված հարցերին, թե ինչ նյութերով են կատարվել այդ նշումները և ինչ պատճառով կարող էին դրանք անհետանալ, պատասխանել հնարավոր չէ: Նույն պատճառով հնարավոր չէ պարզել նաև դրանց կատարման վաղեմությունը»:

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների համաձայն, ընտրություններին մասնակցած ուժերից ԵԼՔ-ը ստացել է 21%, «Երկիր ծիրանին»՝ 7,75%, ՀՀԿ-ն՝ 71.25%:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---