ԱՄՆ. Կոսովոյի համար լավագույն տարբերակը վերահսկվող անկախությունն է

PanARMENIAN.Net - Կոսովոյի հարցում առաջ շարժվելու լավագույն տարբերակը այժմ կլինի «Ախտիսաարիի ծրագիրը», որը Կոսովոյի համար նախատեսում է վերահսկվող անկախություն: Այդ մասին ասվում է Վաշինգթոնում տարածված ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Գոնզալո Գալեգոսի հայտարարության մեջ: «ԱՄՆ-ն ցավում են, որ Սերբիայի եւ Կոսովոյի ղեկավարները Կոսովոյի կարգավիճակի հարցով համաձայնության չեն հասել «եռյակի» բանակցությունների ընթացքում` ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Ռուսաստանի մասնակցությամբ, որի իրավասությունն սպառվել է երկուշաբթի: Ինտենսիվ բանակցությունների շրջանի սկզբում մենք հայտարարել ենք, որ, եթե կողմերը համաձայնության չգան մինչեւ դեկտեմբերի 10, այդ դեպքում առաջ շարժվելու լավագույն տարբերակը կլինի ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ախտիսաարիի ներկայացրած ծրագիրը»,- նշվում է փաստաթղթում:



Գալեգոսի խոսքերով, ԱՄՆ-ն շարունակում են գտնել, որ Ախտիսաարիի ծրագրի իրականացումը կամրապնդի կայունությունը տարածաշրջանում եւ կապահովի Սերբիայի եւ Կոսովոյի առաջխաղացումը եվրաատլանտյան ուղիով: «Առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում ԱՄՆ-ն սերտորեն կաշխատեն մեր միջազգային գործընկերների հետ այդ հարցի կարգավորման համար: Կոսովոյի ժողովրդին շտապ անհրաժեշտ է պարզություն իրենց ապագայի հարցում»,- ասվում է հայտարարության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---