11 դեկտեմբերի 2007 - 18:13 AMT
Ավինյոնի կենտրոնական պուրակում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան
Դեկտեմբերի 8-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը եւ Ֆրանսիայի Ավինյոն քաղաքի քաղաքապետ, ԱԺ պատգամավոր, նախկին նախարար տիկին Մարի-Ժոզե Ռուագը Ավինյոնի կենտրոնական պուրակում բացեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին պատգամավորներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, տեղի հայկական միությունների ղեկավարներ, լրագրողներ, հարյուրավոր քաղաքացիներ: «Բացելով այսպիսի հուշարձաններ` ֆրանսիացի ժողովուրդը միաժամանակ հաստատում է իր հավատարմությունը հումանիստական մեծ գաղափարներին եւ իր համերաշխությունը հայ ժողովրդին: Խորհրդանշական է, որ այս հուշարձանը նվիրված է նաեւ բոլոր ցեղասպանությունների զոհերին, ինչպես նաեւ հանուն Ֆրանսիայի ազատության ընկած մարտիկներին. Ֆրանսիայի, որն առաջինը օրենքի ուժով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը», իր շնորհակալական խոսքում ասաց դեսպան Է. Նալբանդյանը: