30 սեպտեմբերի 2002 - 19:24 AMT
ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԲԱՔՈՒ ԵՆ ԲԵՐԵԼ «ՈՐՈՇ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ», ԲԱՅՑ ՈՉ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան հակամարտության գոտի չեն բերել նոր առաջարկներ, սակայն որոշ գաղափարներ են ներկայացրել ադրբեջանական ղեկավարության քննարկմանը: Այդ մասին այսօր Բաքվում հայտարարել է Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռուդոլֆ Պերինան: Նրա խոսքերով, շարունակվում է այն գաղափարների քննարկումը, որոնք նախկինում դիտարկվել են` կարգավորման լավագույն տարբերակ գտնելու նպատակով: Ինչպես նշել է ամերիկացի դիվանագետը, ռազմական գործողությունների վերսկսումը կարող է ծանր հետեւանքներ ունենալ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար: Պատասխանելով Մինսկի խմբի անկարողության վերաբերյալ ադրբեջանական կողմից պարբերաբար հնչող հայտարարություններին` Պերինան հայտարարել է. «Եթե կողմերը որոշեն փոխել բանակցությունների ձեւաչափը, համանախագահները ըմբռնումով եւ հարգանքով կվերաբերվեն դրան»: Ընդ որում, դիվանագետը կարծիք է հայտնել, որ գործող ձեւաչափը ամենաընդունելին է կարգավորման գործընթացի համար: