Ոստիկանություն. Ադրբեջանում գերեվարված անձը ԶՈւ-ում չի ծառայել առողջական խնդիրների պատճառով

Ոստիկանություն. Ադրբեջանում գերեվարված անձը ԶՈւ-ում չի ծառայել առողջական խնդիրների պատճառով

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության կողմից կատարված ստուգումներով եւ ուսումնասիրությամբ պարզվել է, որ Ադրբեջանում գերեվարված անձի անձնական տվյալները համընկնում են Վանաձորի Մայմեխի 1 հասցեում գտնվող ծերանոցում հաշվառված, 16․11․1974 թ․ ծնված Զավեն Կարապետյանի տվյալների հետ։

Հունիսի 21-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտարարեցին, որ հայկական ԶՈւ դիվերսիայի փորձ են կանխել՝ մեկ հոգու գերեվարելով: Հայկական կողմը հերքեց այս լուրը՝ այն որակելով որպես հակառակորդի հերթական ապատեղեկատվություն: Սակայն, միևնույն ժամանակ, սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերից մեկը հաղորդում է սահմանն անցած մոտ 50 տարեկան հայի մասին, որին «զինվորականները եկել տարել են»: Ավելի ուշ Վանաձորի քաղաքապետը հայտնեց, որ Զավեն Կարապետյանը տարօրինակություններ ուներ, առողջական խնդիրներ, բնակության վայր, տուն ու հարազատներ չունի:

Ոստիկանությունը պարզել է, որ Կարապետյանը ՀՀ զինված ուժերում չի ծառայել, քանի որ առողջական խնդիրներ է ունեցել (մտավոր հետամնացություն) եւ ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանի համաձայն՝ 24․12․1993 ազատվել է ծառայությունից։

1978 թ․ Զավեն Կարապետյանն ընդունվել է Գավառի մանկատուն, որտեղից դուրս է գրվել 1982 թ․ եւ տեղափոխվել մայրաքաղաքի Սովետաշենի օժանդակ դպրոց։ 1994 թ․ աշնանը Զ․Կարապետյանը տեղափոխվել է Վանաձոր քաղաք եւ մոտ 4 տարի բնակվել Շառլ Ազնավուրի հիմնադրամի կողմից տրամադրված տնակում: 2004 թ․ հաշվառվել է Վանաձորի Մայմեխի 1 հասցեում գտնվող ծերանոցում եւ նույն թվականին Վանաձորի անձնագրային բաժանմունքի կողմից ստացել անձնագիր:

Անձնագրի վավերականացման տասնամյա ժամկետը լրանալուց հետո Կարապետյանը չի դիմել նոր անձնագիր ստանալու համար։

Կարապետյանը ապամոնտաժել և վաճառել է իր տնակը եւ դրանից հետո վարել թափառական կյանք, մշտական բնակության վայր չի ունեցել։ Ըստ ստացված տեղեկությունների՝ ՀՀ տարբեր տարածքներում վարձատրության դիմաց անասնապահությամբ է զբաղվել։ Խուսափել է շփումներից, եղել է ինքնամփոփ, առերևույթ ակնհայտ են եղել մտավոր թերություններ։

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, մեկնաբանելով գերեվարված հայ զինծառայողի մասին ադրբեջանական կողմի հայտարարությունը, ասել է, որ Ադրբեջանի ՊՆ–ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել։ Նրա խոսքով` հայկական ԶՈՒ–ն որևէ դիվերսիոն գործողությունների չի դիմել, զոհերի և գերի ընկած զինծառայողների մասին խոսակցություններն անհիմն են։

Ընթերցեք նաև.Բաբայան. Խոցված հայկական ԱԹՍ-ի մասին լուրն Ադրբեջանի ՊՆ-ի հերթական ապատեղեկատվությունն է

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---