Մասկը պատմել է Մարսում միլիոնանոց քաղաք կառուցելու ծրագրի մասին

Մասկը պատմել է Մարսում միլիոնանոց քաղաք կառուցելու ծրագրի մասին

PanARMENIAN.Net - SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը պատմել է Մարսի բնակեցման և ինքնաբավ քաղաք կառուցելու ծրագրերի մասին: Այդ մասին հոդվածը հրատարակվել է գիտական հանդեսում:

Քաղաքը միլիոնանոց քաղաք պետք է լինի, որն ինքն իրեն կապահովի այն ամենով, ինչ անհրաժեշտ է և կլինի լիարժեք սոցիում, որը չի զիջի Երկրում մարդկանց ընկերակցություններին:

Ըստ Մասկի, Կարմիր մոլորակը կա և կլինի մարդկության ընդլայնման միակ տարբերակը մի քանի պատճառով՝ ռեսուրները շատ են, կա մթնոլորտ, ջուր, և ընդհանուր առմամբ Մարսն ավելի է նման Երկիր մոլորակին, քան Լուսինը կամ Արեգակնային համակարգի այլ, մեզ ավելի մոտ մոլորակները:

Մասկի պլանների իրագործման գլխավոր գործիքը տիեզերական թռիչքների էժանացումն է: Ըստ նրա, ուղեծիր բեռների առաքման արժեքը պետք է նվազի առնվազն 50.000 անգամ, որպեսզի այդպիսի քաղաքի կառուցումը Մարսում հնարավոր դառնա:

Հարկավոր կլինեն նաև ուղեծրում վերալիցքավորման տեխնոլոգիաներ, հատուկ շարժիչներ, որոնք ունակ կլինեն աշխատելու մի վառելիքով, որը կա և Երկրում, և Մարսի վրա՝ դա մեթանն է, որի մոլեկուլները կարելի է ստանալ Մարսի մթնոլորտում ջրից և ածխաթթու գազից, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ Մասկի մտահղացման, ապագա մարսիացիները պետք է մեկնեն Մարս ոչ թե տիեզերանավերի կառուցմանը զուգահեռ, այլ միաժամանակ՝ յուրօրինակ «գաղութարար նավատորմ» ստեղծելով մի քանի հարյուր ուղևորատար աստղագնացներից: Դա թույլ կտա մեծ գումար տնտեսել գործարկելիս և թույլ կտա բազայի մատակարարումը կարգաբերել:

Ըստ Մասկի, եթե իր բոլոր գաղափարները իրականացվեն առաջիկա տարիներին, ապա տոմսը դեպի Մարս կարժենա մոտ 140.000 դոլար:

Մասկի գաղափարաներն ընդունելի են ոչ բոլոր մասնագետների համար: Լոնդոնի քոլեջի աստղագետ Էնդրյու Քոութսն իր բլոգում գրել է, որ Մարսում քաղաքի ջեռուցումն ապահովելու հետ կապված խնդիրներից բացի, քաղաքի գոյությանը կխանգարի այն, որ Կարմիր մոլորակի մակերեսը պաշտպանված չէ տիեզերական ճառագայթների և արևային քամու հոսքերի ռմբահարումից: Ուստի տևական բնակությունը Մարսում կամ ուղղակի թռիչքն այդ մոլորակ կարող է սպանել մարդուն կամ քաղցկեղի և առողջական այլ լուրջ խնդիրների պատճառ դառնալ: Ուստի, ըստ Քոութսի, Մասկի գաղափարները դեռևս երազանքներ են, որոնց պետք է ձգտել, սակայն հնարավոր չէ իրականացնել մոտ ապագայում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---